MaxMonitor Ratings. Հայաստանը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի խաչմերուկում - maxmonitor.am


Հիշել ինձ


MaxMonitor Ratings. Հայաստանը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի խաչմերուկում

Սեպտեմբեր 17, 2018 MaxMonitor Ratings

Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իսկ Եվրոպական միության (ԵՄ) հետ վերջերս ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Մեդիամաքս-ի MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն:

2018թ. օգոստոս ամսվա ընթացքում 136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ԵՄ-ն մոտ երկու անգամ ավելի շատ է հիշատակվել, քան ԵԱՏՄ-ն:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Օգոստոս ամսվա ընթացքում վերլուծության են ենթարկվել ընդհանուր առմամբ 750  հոդվածներ, որոնք պարունակել են ԵՄ կամ ԵԱՏՄ բանալի բառերը: Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

Հիմնական տեղեկատվական առիթները

ԵՄ

Օգոստոսի սկզբին Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած իր այցի ժամանակ նշել է, որ ԵՄ գործընկերների հետ աշխատանքն ընթանում է, և այդ աշխատանքը կառուցողական բնույթ ունի։  Վարչապետը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս հիշատակել է Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպումը, ինչպես նաև Դոնալդ Տուսկի հայտարարությունը, որ Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ աջակցությունը բարեփոխումների ճանապարհին։  ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն էլ  իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ գրել է, որ ԵՄ ղեկավար մարմինների հետ հանդիպումներն այնքան անհաջող և անարդյունավետ են եղել, որ անգամ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայն խոսել է այդ մասին հենց օդանավակայանում: Արմեն Աշոտյանը Անգելա Մերկելի այցին ընդառաջ անդրադարձել է այցի կարևորությանը։ ՀՀ նախագահի նստավայրում օգոստոսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։ Նախագահը կարեւորել է  ՀՀ-ԵՄ հարաբերությունները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի համար Եվրոպական Միության վիզաների ազատականացման հարցում առաջընթաց ունենալու հարցում: Նա նաև ասել է, որ Հայաստանը կարող է լինել օրինակ, թե ինչպես կարելի է լավ համագործակցել Ռուսաստանի հետ և միաժամանակ լավ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ:

ԵԱՏՄ

Օգոստոսին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է մի շարք լրատվամիջոցների հարցերին` ուղղված ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին: Նա վերահաստատել է, որ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։  Օգոստոսի ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպումներ են ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային եւ նշել, որ Հայաստանը Ճապոնիայում պետք է դիտարկվի ոչ միայն որպես առանձին շուկա, այլև որպես դարպաս դեպի ԵԱՏՄ մյուս անդամ երկրներ: ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին հնարավոր անդամակցության հարցին, ասել է, որ ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ԵՏՄ-ի դեպքում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա և եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը։