MaxMonitor Ratings. Հայաստանը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի խաչմերուկում - maxmonitor.am


Հիշել ինձ


MaxMonitor Ratings. Հայաստանը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի խաչմերուկում

Օգոստոս 08, 2018 MaxMonitor Ratings

Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իսկ Եվրոպական միության (ԵՄ) հետ վերջերս ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Մեդիամաքս-ի MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն:

2018թ.հուլիս ամսվա ընթացքում 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ԵՄ-ն մոտ երկու անգամ ավելի շատ է հիշատակվել, քան ԵԱՏՄ-ն:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Հուլիս ամսվա ընթացքում վերլուծության են ենթարկվել ընդհանուր առմամբ 1512 հոդվածներ, որոնք պարունակել են ԵՄ կամ ԵԱՏՄ բանալի բառերը: Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

Հիմնական տեղեկատվական առիթները

ԵՄ

Հուլիսի սկզբին Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին: Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:  Վերջինս նշել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին սպասվող բարեփոխումների շրջանակներում: Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:Վերջինիս ընդունել են նաեւ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:  Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով, որ հեղափոխությունից հետո ԵՄ–ից Հայաստանը լսել է բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց նրանց քաղաքականության մեջ շոշափելի փոփոխություն չկա։ Գնահատելով Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կայացած այցը՝ Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ԵՄ նպատակն է օգնել ՀՀ քաղաքացիներին, և, որ նրանք սպասում են հայկական կողմից կոնկրետ գաղափարներ: Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների հետ զրույցում զարմանալի է անվանել այն, որ «Եվրամիության որոշ պաշտոնյաներ չեն նկատում Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները»: Նա նշել է, որ նոր կառավարությունն առանց որևէ լումա ծախսելու կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան ԵՄ-ի և Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության ժամանակ տեղի է ունեցել տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսելով: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ Հայաստանը հայտնել է եվրոպական կողմին, որ շահագրգռված է ամբողջովին օգտվել «ավելին ավելիի դիմաց» սկզբունքից:

ԵԱՏՄ

Հուլիսին Նիկոլ Փաշինյանը այցելել է Մեղրի ազատ տնտեսական գոտի, որն, ակնկալվում է, որ իր աշխարհագրական դիրքի, ինչպես նաև առևտրային և լոգիստիկ հնարավորությունների շնորհիվ կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև: ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Հեռանկար» քաղաքական-հասարակական վերլուծական ծրագրին՝ նշելով, որ ցանկացած համագործակցության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի ներքին օրակարգը, Հայաստանի զարգացման օրակարգն առաջ տանելուն։ Դա, ըստ նրա, վերաբերում է և՛ Եվրասիական միությանը, և՛ Եվրոպական միությանը, և՛ համագործակցությանը բոլոր մյուս ուղղություններին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան Բրյուսելում այցելել է «Կարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոն, որտեղ նշել է, որ Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով դա ընդունելի է երկու կողմերի համար։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է, ինչը Հայաստանի տնտեսական զարգացման համար հսկայական հնարավորություններ է բացել: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի և Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալություններին, որտեղ նշել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունի մեծ առավելություն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսով քննարկել է Եվրասիական տնտեսական միությանը և երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում քննարկվել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: