MaxMonitor Ratings. ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հեղափոխության համատեքստում - maxmonitor.am


Հիշել ինձ


MaxMonitor Ratings. ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հեղափոխության համատեքստում

Մայիս 16, 2018 Լուրեր
Լուսանկարը՝ Ֆոտոլուր

Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իսկ Եվրոպական միության (ԵՄ) հետ վերջերս ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Մեդիամաքս-ի MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն:

2018թ. ապրիլ ամսվա ընթացքում 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ԵՄ-ն մոտավորապես 2 անգամ ավելի շատ է հիշատակվել՝ ԵԱՏՄ-ի համեմատ:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է 2018թ. ապրիլին: Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ: 

Հարկ է նշել, որ ապրիլին այս կառույցները հատկապես հիշատակվել են համաժողովրդական շարժման եւ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման եւ ընտրության համատեքստում: Մասնավորապես, «ՀՀԿ» խմբակցության հետ հանդիպման , ինչպես նաեւ Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ Փաշինյանը պատասխանել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր դիրքորոշման մասին շարունակ հնչող բազմաթիվ հարցերին եւ ձեւակերպումներին՝ նշելով, որ չի պատրաստվում բարձրացնել ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ հարցը՝ որպես իշխանություն: Այնուհետև նշել է, որ ԵԱՏՄ-ում, այդուհանդերձ, կան խնդիրներ, որոնք հնարավոր է քննարկման միջոցով կարգավորել:

ԵՄ-ն ապրիլին բազմիցս հիշատակվել է «Իմ քայլը» շարան համատեքստում, քանի որ ընդդիմադիր շարժման ողջ ընթացքում հետեում էր հավաքների եւ երթերի ընթացքին եւ հորդորում խուսափել ուժի կիրառումից, հետամուտ լինել ժողովրդավարական արժեքներին: Սարգսյան-Փաշինյան հանդիպումից հետո ԵՄ-ն անհանգստություն հայտնեց, որ հանդիպումը չկանխեց իրավիճակի հետագա սրումը:Շարժման ընթացքում Եվրամիությունը ողջունեց նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը երևանյան իրադարձությունների ընթացքում: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն կաշխատի Հայաստանի հետ ավելի ջանասիրաբար, քան նախկինում: