Ապրիլին Փաշինյանը Սարգսյանին հաղթեց նաեւ հիշատակումների քանակով - maxmonitor.am


Հիշել ինձ


Ապրիլին Փաշինյանը Սարգսյանին հաղթեց նաեւ հիշատակումների քանակով

Մայիս 04, 2018 Լուրեր

ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ապրիլ ամսվա ընթացքում շարունակել է հետեւել օնլայն մեդիայում հետեւյալ քաղաքական գործիչների լուսաբանման ծավալներին՝ Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Արմեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, Տարոն Մարգարյան, Վիգեն Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Գագիկ Ծառուկյան: 

Նախորդ ամսվա ընթացքում քաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ որոշ գործիչների մասով հրապարակումների աննախադեպ աճ է գրանցվել: 

2018թ. ապրիլին մոտ 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով  ամենից շատ հիշատակված քաղաքական գործիչներն են.

1.Նիկոլ Փաշինյան՝  21 345 հիշատակում (2018թ. մարտին՝  2 341 հիշատակում):

2.Սերժ Սարգսյան՝  20 332  հիշատակում (2018թ. մարտին՝ 9 816 հիշատակում):

3.Կարեն Կարապետյան՝ 8 237 հիշատակում (2018թ. մարտին՝ 4 034 հիշատակում):

MaxMonitor համակարգում առանձին վերլուծության են ենթարկվում  13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում են որոշակի որակական ցուցանիշներ:

MaxMonitor-ի մասնագետներն այս ընթացքում վերլուծության են ենթարկել ընդհանուր առմամբ 10 500 հոդվածներ, որոնցում այս կամ այն կերպով անդրադարձ է եղել թվարկված քաղաքական գործիչներին: 

 

 

 

Ամսվա սկզբին լրատվամիջոցների ներկայացուցիչները, տարբեր հասարակական եւ քաղաքական գործիչներ վերապահումներով եւ չեզոք երանգավորմամբ են անդրադարձել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» արշավին եւ «Մերժիր Սերժիր» ակցիային: 

Լուսաբանման ծավալները կտրուկ ավելացել են ապրիլի 17-ից հետո, երբ նախաձեռնությունը սկսեց մեծ թափ հավաքել եւ վերածվել համաժողովրդական շարժման: Դրան զուգահեռ լրատվամիջոցներում ավելացել է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դրական հիշատակումների քանակը: 

Ստորեւ ներկայացնում ենք քաղաքական գործիչների վերաբերյալ դրական, չեզոք եւ բացասական հիշատակումների բաշխվածությունը:

Քաղաքական գործիչ

Դրական

Չեզոք

Բացասական

Սերժ Սարգսյան

1150

3726

542

Նիկոլ Փաշինյան

1197

3853

328

Կարեն Կարապետյան

786

1261

65

Արմեն Սարգսյան

866

873

5

Վիգեն Սարգսյան

134

263

11 

Գագիկ Ծառուկյան

35

155

0

Լեւոն Տեր-Պետրոսյան

28

134

6

Տարոն Մարգարյան

56

94

7

Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ բացասական երանգավորում ունեցող հիշատակումների մեծ մասը գոյացել է ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրություններից, որտեղ նշվում էր, որ Փաշինյանի կազմակերպած հավաքներն  «ապօրինի» են եւ ուղեկցվում են  «հակաիրավական գործողություններով»: 

ՀՀ երրորդ նախագահի վերաբերյալ բացասական հիշատակումների մեծ մասը նրա գործունեությունը քննադատող հոդվածներ են եւ շարժման ակտիվիստների հնչեցրած գնահատականները: