Հրապարակվել է բուհերի հոկտեմբերի օնլայն մեդիա վարկանիշը - maxmonitor.am


Հիշել ինձ


Հրապարակվել է բուհերի հոկտեմբերի օնլայն մեդիա վարկանիշը

Նոյեմբեր 06, 2019 MaxMonitor Ratings

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն` իր MaxMonitor համակարգի միջոցով ներկայացնում են Հայաստանի բուհերի օնլայն մեդիա վարկանիշները:

Հոկտեմբերի 1-ից 31-ը ընկած ժամանակահատվածում լրատվական կայքերում ամենաշատ հրապարակումներն ունեցել են՝

Երեւանի պետական համալսարանը՝ 252 հիշատակում 

Երեւանի պետական բժշկական համալսարանը ՝ 120 հիշատակում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ՝ 116  հիշատակում:

Հաշվետու ժամանակահատվածում ամենաքիչ հրապարակումներն ունեցել են Վանաձորի պետական համալսարանը՝ 3 հիշատակում, Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը՝ 3 հիշատակում, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ 8 հիշատակում:

Դիտարկված առցանց ԶԼՄ-ների կողմից հոկտեմբեր ամսվա ընթացքում առհասարակ չեն հիշատակվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան եւ Եվրոպական համալսարանը (նախկինում՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա):

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաշվետվությունն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում բացասական երանգավորմամբ հիշատակումներով առավելապես աչքի են ընկել՝

Երեւանի պետական համալսարանը՝ 26 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 9.9%-ը)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 23 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 19.8%-ը)

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը՝ 15 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 75%-ը):

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանի պետական համալսարանի վերաբերյալ բացասական հիշատակումներն առավելապես առնչվում են «Հրապարակ» օրաթերթի հոկտեմբերի 3-ի հրապարակմանը: Թերթը զրուցել էր ԵՊՀ պրոֆեսորներից մեկի հետ (անունը բացահայտված չէ), ով քննադատել է մի շարք հարցերի ընդգրկումն այդ նույն օրը կայանալիք ԵՊՀ գիտխորհրդի հերթական նիստի օրակարգում: Մասնավորապես, նշված պրոֆեսորն հայտնել է, որ համալսարանում լուրջ դժգոհություններ են առաջացրել ԿԳՄՍ նախարարության ուղարկած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը 32 հոգուց 12-ի հասցնելը, ինչպես նաեւ դեկանների պաշտոնների նշանակովի դարձնելը:

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վերաբերյալ բացասական հրապարակումների առանցքում շարունակում է մնալ բուհի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում արտագրությունների առկայության վերաբերյալ ՀՊՏՀ ուսանողների պնդումները: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներից կազմված «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունը շարունակել է հաղորդագրություններ տարածել նշված խնդրի առնչությամբ:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մասով բացասական հրապարակումները գեներացվել են բուհի դասախոս Հրանտ Մովսիսյանի կողմից իրեն աշխատանքից ազատելու խնդրանքով ԵԹԿՊԻ ռեկտորին ներկայացված դիմումի վերաբերյալ հրապարակումների արդյունքում։ Դերասանը վիրավորական էր համարել իր աշխատավարձի չափը:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում դրական երանգավորմամբ հիշատակումներով  առավելապես աչքի են ընկել. 

Երեւանի պետական համալսարանը՝ 62 հիշատակում 

Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 40 հիշատակում 

Հայաստանում ֆրանսիական համալսարանը՝ 39 հիշատակում։