Հրապարակվել է բուհերի սեպտեմբերի օնլայն մեդիա վարկանիշը - maxmonitor.am


Հիշել ինձ


Հրապարակվել է բուհերի սեպտեմբերի օնլայն մեդիա վարկանիշը

Հոկտեմբեր 04, 2019 MaxMonitor Ratings

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն` իր MaxMonitor համակարգի միջոցով շարունակում են ներկայացնել Հայաստանի բուհերի օնլայն մեդիա վարկանիշները:

Սեպտեմբերի 1-ից 30-ը ընկած ժամանակահատվածում լրատվական կայքերում ամենաշատ հրապարակումներն ունեցել են՝

Երեւանի պետական համալսարանը՝ 387 հիշատակում 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 251 հիշատակում

Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 224 հիշատակում:

Հաշվետու ժամանակահատվածում ամենաքիչ հրապարակումներն ունեցել են Վանաձորի պետական համալսարանը՝ 1 հիշատակում, Երեւանի պետական կոնսերվատորիան՝ 2 հիշատակում, եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանն ու Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը՝ 4-ական հիշատակում:

 

 

Հաշվետվությունն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:

Սեպտեմբեր ամսվա ընթացքում բացասական երանգավորմամբ հիշատակումներով առավելապես աչքի են ընկել՝

Երեւանի պետական համալսարանը՝ 132 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 34.1%-ը):

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 101 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 40.2%-ը):

Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 34 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 15.2%-ը):

 

Երեւանի պետական համալսարանի վերաբերյալ բացասական հիշատակումները վերաբերում են բուհի ղեկավարության կողմից տարվող կադրային քաղաքականության առնչությամբ համալսարանի աշխատակիցների դժգոհություններին: Սեպտեմբերին մամուլը գրեց նաեւ բուհում հովանավորչության դրսեւորումների մասին: Երեւանի պետական համալսարանի մասով բացասական հիշատակումներ են եղել նաեւ բուհի 100-ամյակի միջոցառումների կազմակերպման համատեքստում: 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վերաբերյալ բացասական հրապարակումների առանցքում շարունակում են մնալ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն ու ատենախոսություններում արտագրությունների առկայությունը: Այսպես, ռեկտորի նախկին պաշտոնակատարի վերադարձի համար պայքարող ուսանողները հաշվետու ժամանակահատվածում հանդես են եկել մի շարք հայտարարություններով, որոնցում արտագրություններ են մատնանշել ՀՊՏՀ ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Դիանա Գալոյանի եւ պրոռեկտոր Արմեն Գրիգորյանի ատենախոսություններում: Իր հերթին, ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դիտարկվող ժամանակահատվածում հանդես է եկել քննադատական գրառումներով՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործի հանգամանքների եւ բուհի նոր ղեկավարության որոշ գործողությունների վերաբերյալ:

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վերաբերյալ բացասական հրապարակումներն առնչվում են բուհի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանին մեղադրանքի առաջադրմանը՝ կաշառք ստանալու դիմաց մի շարք զինակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման գործով:

Սեպտեմբեր ամսվա ընթացքում դրական երանգավորմամբ հիշատակումներով (բացարձակ քանակությամբ) առավելապես աչքի են ընկել. 

Երեւանի պետական համալսարանը՝ 121 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 31.3%-ը): 

Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 65 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 29%-ը): 

Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ 40 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 74.1%-ը):