Հրապարակվել է բուհերի օգոստոսի օնլայն մեդիա վարկանիշը - maxmonitor.am


Հիշել ինձ


Հրապարակվել է բուհերի օգոստոսի օնլայն մեդիա վարկանիշը

Սեպտեմբեր 05, 2019 MaxMonitor Ratings

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն`իր MaxMonitor համակարգի միջոցով շարունակում են ներկայացնել Հայաստանի բուհերի օնլայն մեդիա վարկանիշները:

Օգոստոսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում լրատվական կայքերում ամենաշատ հրապարակումներն ունեցել են՝

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 424 հիշատակում

Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 107 հիշատակում

Երեւանի պետական համալսարանը՝ 106 հիշատակում:

Հաշվետու ժամանակահատվածում ամենաքիչ հրապարակումներ ունեցել են Երեւանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Երեւանի պետական կոնսերվատորիան, Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ Վանաձորի պետական համալսարանը՝ 1-ական հիշատակում:

Հաշվետվությունն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:

Օգոստոս ամսվա ընթացքում բացասական երանգավորմամբ հիշատակումներով առավելապես աչքի են ընկել՝

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 117 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 27.6%-ը), 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ 23 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 79.3%-ը) 

Շիրակի պետական համալսարանը՝ 20 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 46.5%-ը):

 

 

Բացասական հիշատակումներով բացարձակ առաջատար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վերաբերյալ հրապարակումներն առավելապես առնչվել են բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի եւ պրոֆեսորադասախոսական կազմի միջեւ ամիսներ շարունակվող հակամարտությանը, ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական ատենախոսությունում արտագրությունների առկայության մասին սկանդալին, վերջինիս հրաժարականին, ինչպես նաեւ՝ ռեկտորի նորանշանակ պաշտոնակատար Դիանա Գալոյանի ու բուհի ուսանողների միջեւ ծավալված հակամարտությանը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի վերաբերյալ բացասական հիշատակումներն ամբողջությամբ առնչվում են բուհում Պետական վերահսկողության ծառայության անցկացրած ստուգումներին եւ հայտնաբերված խնդիրներին:

Շիրակի պետական համալսարանի վերաբերյալ բացասական հրապարակումներն էլ հիմնականում առնչվում են բուհում կոռուպցիոն հանցագործության մասով հարուցված քրեական գործի վերաբերյալ դատախազության հաղորդագրությանը:

Օգոստոս ամսվա ընթացքում դրական երանգավորմամբ հիշատակումներով  առավելապես աչքի են ընկել Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 75 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 70.1%-ը), Երեւանի պետական համալսարանը՝ 38 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 35.8%-ը) եւ Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ 17 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 77.3%-ը):

Դիտարկվող բուհերից նախորդ ամսվա ընթացքում առավելապես Երեւանի պետական բժշկական համալսարանը եւ Երեւանի պետական համալսարանն են աշխատանք տարել մամուլի հետ: