Հրապարակվել է բուհերի հուլիսի օնլայն մեդիա վարկանիշը - maxmonitor.am


Հիշել ինձ


Հրապարակվել է բուհերի հուլիսի օնլայն մեդիա վարկանիշը

Օգոստոս 06, 2019 MaxMonitor Ratings

 Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն` իր MaxMonitor համակարգի միջոցով շարունակում են ներկայացնել Հայաստանի բուհերի օնլայն մեդիա վարկանիշները:

Հուլիսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում լրատվական կայքերում ամենաշատ հրապարակումներն ունեցել են`

Երեւանի պետական համալսարանը՝ 272 հիշատակում:

Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 184 հիշատակում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 84 հիշատակում: 

 

Հաշվետու ժամանակահատվածում ամենաքիչ հրապարակումներն ունեցել են Վանաձորի պետական համալսարանը՝ 1 հիշատակում, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան ու Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ 2-ական հիշատակում:

Հաշվետվությունն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:

Հուլիս ամսվա ընթացքում բացասական երանգավորմամբ հիշատակումներով առավելապես աչքի են ընկել`

Երեւանի պետական համալսարանը՝ 100 հիշատակում: 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 50 հիշատակում:

Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 14 հիշատակում։

ԵՊՀ մասով բացասական հրապարակումների գեներացման համար տեղեկատվական առիթ են հանդիսացել հաշվետու ժամանակահատվածում տպագիր մամուլի էջերին հայտնված մի շարք հրապարակումներ, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի շուրջ զարգացումները, ինչպես նաեւ՝ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին մեղադրել էր քաղաքական շահերի գործիք դառնալու մեջ։

Մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթի հուլիսի 12-ի համարում տեղ գտած «Քավորը, սանիկը եւ ընկերը» հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել ԵՊՀ երեք պրոռեկտորների ազատմանն ու նորերի նշանակմանը: Թերթը, մասնավորապես, գրել է, որ ԵՊՀ նորանշանակ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի սանիկն է: 

«Հրապարակ» օրաթերթն իր հուլիսի 25-ի համարում անդրադարձել է մի դատական գործընթացի, որում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը հանդես է գալիս ինչպես հայցվոր, այնպես էլ՝ պատասխանող կողմ: Թերթը գրում է, որ ամիսներ առաջ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանն Արամ Սիմոնյանի հրամանով ազատվել էր աշխատանքից եւ դատի տվել համալսարանին` աշխատանքի վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի, ինչպես նաեւ փաստաբանական ծախսերի գումարը ստանալու պահանջով: Հունիսին, երբ Գեղամ Գեւորգյանն արդեն ռեկտորի ԺՊ էր, դատարանը հետ էր ուղարկել հայցը` անճշտությունների պատճառով: Գ. Գեւորգյանը համալսարանի դեմ հայցը, արդեն որպես ԺՊ, կրկին հետ էր ուղարկել դատարան, եւ հիմա, փաստացի, դատարանում ե՛ւ պատասխանողը, ե՛ւ հայցվորն ինքն է։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վերաբերյալ բացասական հիշատակումների գեներացման համար տեղեկատվական առիթ է հանդիսացել հրապարակումն այն մասին, որ լրացել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման ժամկետը, մինչդեռ ո՛չ նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, եւ ոչ էլ՝ նոր մրցույթ է հայտարարվել («Փաստ» օրաթերթ, 03.07.2019թ.):

Երեւանի պետական բժշկական համալսարանի վերաբերյալ բացասական հրապարակումների համար միակ տեղեկատվական առիթը հուլիսի 23-ին Պետական վերահսկողական ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունն է, որում ներկայացված է 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծառայության կողմից կատարած հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է, որ  «Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։ 

Հուլիս ամսվա ընթացքում դրական երանգավորմամբ հիշատակումներով առավելապես աչքի են ընկել Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 142 հիշատակում, Երեւանի պետական համալսարանը՝ 61 հիշատակում եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ 50 հիշատակում:

Դիտարկվող բուհերից նախորդ ամսվա ընթացքում մամուլի հետ աշխատանք են տարել Երեւանի պետական համալսարանը, Երեւանի պետական բժշկական համալսարանը եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։