ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հայկական լրատվական կայքերում - maxmonitor.am


Հիշել ինձ


ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հայկական լրատվական կայքերում

Ապրիլ 08, 2019 MaxMonitor Ratings

Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իսկ Եվրոպական միության (ԵՄ) հետ ստորագրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Մեդիամաքս-ի MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն:

2019թ. մարտ ամսվա ընթացքում 144 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով, ինչպես եւ նախորդ ամիսներին, ԵՄ-ն ավելի շատ է հիշատակվել, քան ԵԱՏՄ-ն:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը:

Մարտ ամսվա ընթացքում վերլուծության են ենթարկվել ընդհանուր առմամբ 1371 հոդվածներ, որոնք պարունակել են ԵՄ կամ ԵԱՏՄ բանալի բառերը: Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

Հիմնական տեղեկատվական առիթները

ԵՄ

Մարտի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Բրյուսել, որտեղ հանդիպումներ ունեցավ Եվրամիության ղեկավարների հետ եւ նշեց, որ ԵՄ-ի հետ փոխգործակցությունը խորացնելու քաղաքական կամքն ավելացել է: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն էլ կարեւորեցին ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներն ու նշեցին, որ պատրաստ են աջակցել Հայաստանին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիպին:  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Շվեդիայի խորհրդարանի փոխխնախագահին. վերջինս հավաստիացրեց, որ Շվեդիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնգրի վավերացումը չի ուշանա: Արարատ Միրզոյանը նաեւ հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին եւ Գերմանիայի Բունդեսթագի նախագահին:

ՀՀ վարչապետը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանն ասաց, որ երկու երկրները պետք է կարողանան օգտագործել եղած հնարավորությունները, առավել եւս կապված Եվրամիության հետ:  Հայտնի դարձավ, որ Հայաստանում ԵՄ եւ ԱԶԳ ֆինանսական աջակցությամբ կմեկնարկի «Կանաչ գյուղատնտեսության» զարգացման 11.7 միլիոն եվրոյի ծրագիր: Նիկոլ Փաշինյանը եւ  Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը քննարկեցին հայ-ավստրիական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

ԵԱՏՄ

Մարտին հայտնի դարձավ, որ չինական «ԳուոՄենգ» ընկերությունը նախատեսում է կառուցել Հայաստանում ժամանակակից պահեստային տնտեսություն, որը կսպասարկի ԵԱՏՄ, ԵՄ և այլ երկրների հետ առևտրային հոսքերը: ՊԵԿ-ն առաջարկեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ ունենալ, որը կարձագանքի Լարսում առաջացող խնդիրներին: Բրյուսելում ռուսական ՏԱՍՍ-ին տված իր հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ առևտրաշրջանառության զարգացումը:

ՀՀ տնտեսական զարգացման  և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերության նախարարների հանդիպմանը:  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնեց  ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին: Ազգային ժողովը վավերացրեց Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված համաձայնագիրը: ԵԱՏՄ-ում ուժի մեջ մտավ ապրանքների մակնշման համաձայնագիրը: Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Ղազախստանի պաշտոնաթող նախագահ Նորսուլթան Նազարբաևի հետ  եւ պայմանավորվածություն է ձեռք բերվեց հանդիպել Աստանայում՝ Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում: