ՀԱՊԿ-ը եւ ՆԱՏՕ-ն հայկական լրատվական կայքերում մարտին - maxmonitor.am


Հիշել ինձ


ՀԱՊԿ-ը եւ ՆԱՏՕ-ն հայկական լրատվական կայքերում մարտին

Ապրիլ 08, 2019 MaxMonitor Ratings

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը  ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի գործունեությունը՝ Հայաստանի հետ կապերի համատեքստում:

Մարտ ամսվա ընթացքում 144 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով, առցանց լրատվական կայքերը ՆԱՏՕ-ին ավելի շատ են անդրադարձել, քան ՀԱՊԿ-ին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը:

Մարտին MaxMonitor համակարգը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 2236 հոդվածներ ՆԱՏՕ եւ ՀԱՊԿ բանալի բառերով, որոնցից վերլուծության են ենթարկվել 420-ը: Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

Հիմնական տեղեկատվական առիթները 

ՀԱՊԿ

Մարտին ՀՀ ԱԺ 3 փոխնախագահները ՌԴ դեսպանի հետ քննարկեցին ՀԱՊԿ ԽՎ-ում փոխգործակցության խորացմանն ուղղված հարցեր:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ հարգանքը բարձրացել է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարեց, որ Ղազախստանի նախագահի հրաժարականը չի ազդի ՀԱՊԿ պայմանավորվածությունների իրականացման վրա: Մարտին շարունակվեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները: ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվեցին մասնակից երկրներ:

ՆԱՏՕ

Մարտի սկզբին Հայաստանում մեկնարկեց ՆԱՏՕ-ի շաբաթը: ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ապաթուրայը քննարկեցին ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:  Դավիթ Տոնոյանը նաեւ ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ տիկին Քլեր Հատչինսոնին: ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում Ջեյմս Ապաթուրայը մասնակցեց նաեւ Հայաստանի Ֆրանսիական համալսարանում կազմակերպված կոնֆերանսին, իսկ Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի տնօրեն Ռոզարիա Պույլիսին  մասնակցեց ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընթացող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման խորհրդաժողովին:

ՀՀ Ազգային ժողովում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում անցկացվեց «Խորհրդարանական վերահսկողությունը ՀՀ զինված ուժերում» թեմայով սեմինար-քննարկումը: Խորհրդարանի ներկայացուցիչները կարեւորեցին ՆԱՏՕ-ի հետ փոխշահավետ և փոխլրացված համագործակցությունը: «Հրապարակ» օրաթերթը հոդված հրապարակեց այն մասին, որ «ՆԱՏՕ-ն հրաժարվում է ՀՀ-ի հետ համատեղ ծրագրերից, եւ Դավիթ Տոնոյանը մեկնել է ԱՄՆ՝ իրավիճակը հարթելու»: