Հրապարակվել է բուհերի մարտի օնլայն մեդիա վարկանիշը - maxmonitor.am


Հիշել ինձ


Հրապարակվել է բուհերի մարտի օնլայն մեդիա վարկանիշը

Ապրիլ 03, 2019 MaxMonitor Ratings

Կրթության եւ գիտության նախարարությունը (ԿԳՆ) եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն` իր MaxMonitor համակարգի միջոցով շարունակում են ներկայացնել Հայաստանի բուհերի օնլայն մեդիա վարկանիշները:

Մարտի 1-31-ն ընկած ժամանակահատվածում լրատվական կայքերում ամենաշատ հրապարակումներ ունեցել են ՝

Երեւանի պետական համալսարանը՝ 734 հիշատակում

Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 165 հիշատակում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 52 հիշատակում:

Հաշվետու ժամանակահատվածում ամենաքիչ հրապարակումներն ունեցել են Երեւանի պետական կոնսերվատորիան՝ 8 հիշատակում, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ 2 հիշատակում, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան՝ 1 հիշատակում:

Հաշվետվությունն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:

Մարտ ամսվա ընթացքում բացասական երանգավորմամբ հիշատակումներով առաջատար են՝

Երեւանի պետական համալսարանը՝ 190 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 25.9%-ը)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 22 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 42.3%-ը)

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվա-հասարակագիտական համալսարանը՝ 12 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 26.1%-ը)։

ԵՊՀ-ի մասով բացասական հրապարակումները մեծամասամբ գոյացել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման հեռանկարի շուրջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից արված հայտարարությունների, նույն հարցի վերաբերյալ մամուլում շրջանառված վարկածների, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության արդյունքում, ըստ որի` «այն ռեկտորը, որը չափահաս մարդու առաջ փակում է դռները, անելիք չունի Հայաստանում»:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասով բացասական հրապարակումներն առնչվում են ՀՀ ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրությանը, ըստ որի` ԲՈՒՀ-ի նախկին ռեկտորը, ելնելով իր պաշտոնական դիրքից, թույլ է տվել առերեւույթ չարաշահումներ. մասնավորապես` 2016-17 թվականներին որպես համալսարանի շենքերի, շինությունների եւ տեխնիկական ծառայությունների բաժնի վարորդ է հրամանագրել կրթության եւ գիտության նախկին նախարարի վարորդին, ով առանց աշխատանքի հաճախելու վարձատրվել է։

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվա-հասարակագիտական համալսարանի մասով բացասական հրապարակումները վերաբերում են ԵՊԼՀ Ուսանողական խորհրդի տարածած բաց նամակին, ըստ որի` ԲՈՒՀ-ի ռեկտորի նորանշանակ խորհրդական Մարինա Աբրահամյանն ուսանողներին կոչ է արել մասնակցել մարտիմեկյան երթին:

Մարտ ամսվա ընթացքում դրական երանգավորմամբ հիշատակումներով առաջատար են Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ 125 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 75.8%-ը), Երեւանի պետական համալսարանը՝ 79 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 10.8%-ը) եւ Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամը՝ 35 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 100%-ը):

Հարկ է նաեւ նշել, որ դիտարկվող բուհերից նախորդ ամսվա ընթացքում առավելապես Երեւանի պետական բժշկական համալսարանը, Երեւանի պետական համալսարանը եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվա-հասարակագիտական համալսարանն են աշխատանք տարել մամուլի հետ: