ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հայկական լրատվական կայքերում փետրվարին - maxmonitor.am


Հիշել ինձ


ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հայկական լրատվական կայքերում փետրվարին

Մարտ 13, 2019 MaxMonitor Ratings

Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իսկ Եվրոպական միության (ԵՄ) հետ ստորագրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Մեդիամաքս-ի MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն:

2019թ. փետրվար ամսվա ընթացքում 144 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով, ինչպես եւ նախորդ ամիսներին, ԵՄ-ն ավելի շատ է հիշատակվել, քան ԵԱՏՄ-ն:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը:

Փետրվար ամսվա ընթացքում վերլուծության են ենթարկվել ընդհանուր առմամբ 1156  հոդվածներ, որոնք պարունակել են ԵՄ կամ ԵԱՏՄ բանալի բառերը: Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

Հիմնական տեղեկատվական առիթները

ԵՄ

Փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած այցի ժամանակ ասաց, որ ԵՄ-ի օժանդակությունը կարող է արագացնել և ամրապնդել Հայաստանում իրականացվող գործընթացները: Նիկոլ Փաշինյանն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը փոխնախագահ ընտրեց Կարեն Սիմոնյանին: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտնեց, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումն ընթանում է եվրոպական երկրների խորհդարանների սահմանած օրակարգով:  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպեց ԵՄ անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լատվիայի նախագահի հետ կարևորեցին Հայաստան-Լատվիա համագործակցությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում: ԵՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճ է արձանագրել՝ կազմելով՝ 1 մլրդ 830 մլն  74 հազար դոլար: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց,  որ ԵՄ-ն մեր երկրին կհատկացնի 31 մլն 250 հազար եվրոյի դրամաշնորհ: Ռուբեն Ռուբինյանն ու Նիդեռլանդների դեսպանը քննարկեցին ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը վերաբերող հարցեր: Փետրվարին տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու մամուլի ասուլիսը:

ԵԱՏՄ

Փետրվարին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն առաջարկեց ԵԱՏՀ-ի շրջանակներում ստեղծել Եվրասիական տնտեսական միության թվային տրանսֆորմացիային միտված ինտեգրացիոն նախագծերի կառավարման հատուկ կառույց:  Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ մյուս վարչապետների հետ մասնակցել է «Գլոբալիզացիայի դարաշրջանում թվային օրակարգը 2.0» համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի տնտեսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանը շատ հետաքրքիր օրինակ է տնտեսական առումով` որպես երկիր, որը միաժամանակ ինտեգրվում է և՛ Եվրոպական միությանը, և՛ Եվրասիական տնտեսական միությանը:

Փոխվարչապետ Տիգրան Սարգսյանը Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահի հետ քննարկեց  ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցերը: Հայտնի դարձավ, որ Իրանի խորհրդարանը մոտ ժամանակներս կվավերացնի Եվրասիական տնտեսական միության և Թեհրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Հայաստանում մոտ որոշ ապրանքների մաքսատուրքեր բարձրանում եմ ԵՏՄ միասնական դրույքաչափերին հասնելու համար: Նիկոլ Փաշինյանը Իրանում հայտարարեց, որ «որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր` մեզ համար կարևոր է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը խորհրդարաններում վավերացվելու գործընթաց է անցնում»: