ՀԱՊԿ-ը եւ ՆԱՏՕ-ն հայկական լրատվական կայքերում փետրվարին - maxmonitor.am


Հիշել ինձ


ՀԱՊԿ-ը եւ ՆԱՏՕ-ն հայկական լրատվական կայքերում փետրվարին

Մարտ 13, 2019 MaxMonitor Ratings

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը  ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի գործունեությունը՝ Հայաստանի հետ կապերի համատեքստում:

Փետրվար ամսվա ընթացքում 144 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով, առցանց լրատվական կայքերը ՀԱՊԿ-ին ավելի շատ են անդրադարձել, քան ՆԱՏՕ-ին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը:

Փետրվարին MaxMonitor համակարգը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 2031 հոդվածներ ՆԱՏՕ եւ ՀԱՊԿ բանալի բառերով, որոնցից վերլուծության են ենթարկվել 350-ը: Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

Հիմնական տեղեկատվական առիթները

ՀԱՊԿ

Փետրվարին հայտնի դարձավ, որ  Հայաստանը «Սու-30ՍՄ» կործանիչները կստանա ռուսաստանյան ներքին գներով. գործարքն իրականացվեց ՀԱՊԿ-ի շրջանակներում: Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու Ստանիսլավ Զասն ասաց, որ Հայաստանի ղեկավարությունը չի պատասխանում իր հետ հանդիպման խնդրանքին եւ հնարարավոր է որոշման ընդունումը տեղի ունենա սահմանափակ կազմով: Ստանիսլավ Զասի հայտարարությանը արձագանքեց ՀՀ ԱԳՆ խոսնակը: ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունեցին ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ մյուս երկրները ոչ մի տագնապ չունեն այդ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով, եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ տարաձայնությունները կարգավորման ընթացքում են: ՌԴ արտաքին գործերի փոխնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում ասաց, որ «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումը «կենդանի հարց» է, որի վրա աշխատում են»:

ՆԱՏՕ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարին ընդունեցին Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավարին: Փետրվարի 19-ին Գուրգեն Մարգարյանի մահվան տարելիցն էր, որը ադրբեջանցու կողմից սպանվել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի ժամանակ: «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետների սոցիոլոգիական հարցման արդյունքներով, հարցվածների 13 տոկոսը կարծում է, որ Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովվի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության կողմից: