ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հայկական լրատվական կայքերում հունվարին - maxmonitor.am


Հիշել ինձ


ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հայկական լրատվական կայքերում հունվարին

Փետրվար 08, 2019 MaxMonitor Ratings

Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իսկ Եվրոպական միության (ԵՄ) հետ վերջերս ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Մեդիամաքս-ի MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն:

2019թ. հունվար ամսվա ընթացքում 136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով, ինչպես եւ նախորդ ամիսներին, ԵՄ-ն ավելի շատ է հիշատակվել, քան ԵԱՏՄ-ն:

 

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը:

Հունվար ամսվա ընթացքում վերլուծության են ենթարկվել ընդհանուր առմամբ 790  հոդվածներ, որոնք պարունակել են ԵՄ կամ ԵԱՏՄ բանալի բառերը: Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

Հիմնական տեղեկատվական առիթները

ԵՄ

Արմեն Աշոտյանը հունվարի սկզբին քննադատեց ներկայից իշխանությունների վարած արտաքին քաղաքկաանությունը՝ նշելով, որ «Հայաստանի ներկայացրած ճանապարհային քարտեզի նախագիծը ենթարկվել է անխնա քննադատության Բրյուսելում»: Լրատվամիջոցները արտատպեցին «168 ժամ»-ի հարցազրույցը գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտի հետ, ում կարծիքով «առաջիկա ամիսներին ևս ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ուղղությամբ որևէ տեղաշարժ չի լինի»: Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպումից հետո ասաց, որ ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար: 

Հունվարին Միացյալ Թագավորությունը վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Շվեդիայի դեսպանին, վերջինս հավաստիացրեց, որ  Ռիգսթագը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ ունեցավ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում. հանդիպումների ընթացքում նա կարեւորեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը այցելեց Հայաստան:

ԵԱՏՄ

Հունվարին «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ  նախագահ Կարեն Չիլինգարյանը հայտարարեց, որ ԵԱՏՄ շուկայի հետ կապված՝ 2020 թվականից բարձրանալու են որոշ ապրանքների գները: «Ժամանակ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, խորհրդարանում կլինի նաև ԵՏՄ հարցերով մշտական հանձնաժողով: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր: Հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանը:

Ղազախստանի Հանրապետության պետքարտուղարը Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպմանն ասել է, որ երկու երկրներին միավորում են պատմական և մշակութային սերտ կապերը: Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ կարևորեց ԵԱՏՄ ներսում վստահության մակարդակի ամրապնդումը: Փաշինյանը նշեց, որ երկարաժամկետ առումով գազի սակագնի կարգավորումը տեսնում է ԵԱՏՄ շրջանակներում:  Հունվարին Փաշինյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հեռախոսացրույցի ժամանակ քննարկեց Եվրասիական տնտեսական միության և երկկողմ հարաբերությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: