Օր 11-րդ. «Սիրելիների ակումբը» եւ Մարուքյանի բացատրությունները - maxmonitor.am


Հիշել ինձ


Օր 11-րդ. «Սիրելիների ակումբը» եւ Մարուքյանի բացատրությունները

Դեկտեմբեր 07, 2018 Լուրեր

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգի միջոցով ներկայացնում է ընտրություններին մասնակցող 11 ուժերի լուսաբանման ծավալները օնլայն մեդիայում` քարոզարշավի յուրաքանչյուր օրվա համար:

136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով դեկտեմբերի 6-ին ամենաշատ հիշատակումներ ունեցել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՝ 632 հիշատակում: 

Երկրորդ տեղում հիշատակումների քանակով «Իմ քայլը» դաշինքն է ՝ 406 հիշատակում:

Երրորդ հորիզոնականում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ 250 հիշատակում: 

Ամենաքիչ հիշատակումներ դեկտեմբերի 6-ին ունեցել է Քաղաքացու որոշում կուսակցությունը՝ 39 հիշատակում:


Հիմնական տեղեկատվական առիթները

Դեկտեմբերի 6-ին լրատվական կայքերը հրապարակեցին «Հրապարակ» օրաթերթի հոդվածն այն մասին, որ  մի քանի տարի առաջ Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից՝ որպես «քաղաքական հալածյալի» որդի:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը անդրադարձել է Դավիթ Շահնազարյան-Սասուն Միքայելյան երկխոսությանը՝ հայտարարելով. «Ասել, թե Սասուն Միքայելյանն է հանձնել Օմարը, ապուշություն է»:

Լրատվական կայքերը մեջբերում էին «Ժողովուրդ» օրաթերթի մեկ այլ հոդվածը՝ ՀՀԿ-ի «ներքին խմորումների» մասին: «ՀՀԿ ներսում Վիգեն Սարգսյանը թեկնածուներին բաժանել է յուրայինների եւ ոչ յուրայինների: Եվ Սարգսյանի «սիրելիների ակումբը» գործում է արտոնյալ կարգավիճակում», - գրել էր թերթը:

Լրատվամիջոցները նյութեր հրապարակեցին դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերությունում կայացած բանավեճից՝ հատկապես անդրադառնալով Էդմոն Մարուքյանի եւ Գագիկ Ծառուկյանի երկխոսությանը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի ու Վիգեն Սարգսյանի վիճաբանությանը:

Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառույանի հետեւյալ հարցադրմանը․«Գեւորգին ճանաչո՞ւմ ես, որ քո քարոզարշավն էր կազմակերպում, պիտի գայիր, ճանապարհին իմացար, որ թղթերդ պակաս են, չեկար»։ Մարուքյանն ասաց, որ 2012 թ.-ի ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժերից իրեն առաջարկել են հանդիպել իրենց առաջնորդի հետ, այդ թվում ԲՀԿ–ից, սակայն ինքը մերժել է եւ որեւէ ուժի հետ հանդիպում չի ունեցել:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բանավեճի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով: Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա Նոր Հայաստան է: Դուխով»:

Նախընտրական հարցման արդյունքներ հրապարակեց GALLUP International association-ի հայաստանյան անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն: Ըստ այդ արդյունքների՝ ընտրությունների արդյունքում ԱԺ կանցնեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը»:

Լրագրողների հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը խիստ քննադատեց Նիկոլ Փաշինյանին եւ «Իմ քայլը» դաշինքին: