Կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը նոյեմբերին - maxmonitor.am


Հիշել ինձ


Կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը նոյեմբերին

Դեկտեմբեր 07, 2018 MaxMonitor Ratings

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը նոյեմբերին: 

MaxMonitor համակարգը 2018թ. նոյեմբեր ամսվա ընթացքում հետեւել է, թե ինչ հաճախականությամբ եւ ինչ թեմաների շուրջ են հայկական օնլայն մեդիայում հիշատակվել հետեւյալ կին հասարակական-քաղաքական գործիչները.


1.    Աննա Հակոբյան՝ ՀՀ վարչապետի տիկինը
2.    Արփինե Հովհաննիսյան՝ ԱԺ փոխնախագահ
3.    Զարուհի Փոստանջյան՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր 
4.    Լենա Նազարյան՝ ԱԺ պատգամավոր
5.    Լիլիթ Մակունց՝ ՀՀ մշակույթի նախարար
6.    Հերմինե Նաղդալյան՝ ԱԺ պատգամավոր 
7.    Մանե Թանդիլյան՝ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
8.    Մարգարիտ Եսայան՝ ԱԺ պատգամավոր 
9.    Նաիրա Զոհրաբյան՝ ԱԺ պատգամավոր 
10.    Նունե Սարգսյան՝ ՀՀ նախագահի տիկինը 
11.    Շուշան Պետրոսյան՝ ԱԺ պատգամավոր 
12.    Ռիտա Սարգսյան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը

136 լրատվական կայքերի նոյեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված կին գործիչների եռյակն է՝

1. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան ՝  911 հիշատակում:

2. ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան՝ 851 հիշատակում:

3. ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունց՝ 748 հիշատակում:

 


Հիմնական տեղեկատվական առիթները

•    Նոյեմբերի սկզբին լրատվամիջոցները հայտնեցին, որ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար է նշանակվել Արփինե Զարգարյանը: Լուրեր տարածվեցին, որ Աննա Հակոբյանը ընկերուհու ջերմոցում ելակի «արտադրությունը» դիտելու համար Արթիկ է մեկնել ուղղաթիռով: Ավելի ուշ այդ լուրը հերքեց նրա մամուլի քարտուղարը եւ ասաց, որ նա Արթիկ է գնացել ավտոմեքենայով: Աննա Հակոբյանը մեկնեց Բերդավան՝ այցելելու Ադրբեջանում գերեվարված, Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին: Արմեն Սարգսյանը հյուրընկալեց Աննա Հակոբյանին, վերջինս ՀՀ նախագահին ներկայացրեց իր ղեկավարած հիմնադրամի ծրագրերը: Աննա Հակոբյանը Ֆրանսիա աշխատանքային այցի ընթացքում ուղեկցեց Նիկոլ Փաշինյանին: Փարիզից հետո վարչապետի տիկինը մեկնեց Մոսկվա եւ այնտեղ տեսակցեց սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանին: Աննա Հակոբյանը Մոսկվայում հանդիպեց նաեւ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ: Հայտնի դարձավ, որ վարչապետի տիկնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը կհամագործակցեն: Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում հերքեց իրենց դստեր 20-ամյակի կապակցությամբ ճոխ խնջույքի մասին լուրերը: Աննա Հակոբյանը Մոսկվայում մասնակցեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Նոյեմբերի վերջին օրերից սկսած Աննա Հակոբյանը ուղեկցում է Նիկոլ Փաշինյանին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում:

•    Նոյեմբերի սկզբին Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին եւ հրապարակեց կուսակցության թեկնածուների ցուցակը: Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակում էր: Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց հանցավորության աճի վերաբերյալ ՝ քննադատելով իշխանություններին եւ ոստիկանությանը: Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ շրջանառության մեջ դրված նախագծին, որով 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիր: Այդ նախագիծը շատ քննարկվեց որպես «խոպանչիների հարկման» նախագիծ, բայց օրեր անց ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հերքեց նման նախագիծ ընդունելու մասին լուրերը: Նոյեմբերին վերջին օրերին մեկնարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, ինչին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Արփինե Հովհաննիսյանը: 

•    Հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» դաշինքը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրի Լիլիթ Մակունցին: ՀՀ կրթության և գիտության և մշակույթի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ մեկնարկեց մշակութային կրթության բարելավմանը միտված «ԴասA» ծրագիրը` ավագ դպրոցների աշակերտների համար: Հայտնի դարձավ նաեւ, որ որոշ կենսաթոշակառուների մուտքը պետական մշակութային հաստատություններ կլինի անվճար: Լիլիթ Մակունցը պարզաբանում տարածեց Թովմաս Պողոսյանի բարեգործական համերգի համար ֆինանսական աջակցություն չտրամադրելու լուրերի  վերաբերյալ: Լիլիթ Մակունցը մամուլի ասուլիս ունեցավ եւ պարզաբանեց, թե ինչու հնարավոր չէր բալետի երիտասարդ արտիստի հուղարկավորությունը կզմակերպել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: