Օր 9-րդ. «Տասովչիկների» ճակատագիրը եւ «կոռեկտ մնալու» կոչը - maxmonitor.am


Հիշել ինձ


Օր 9-րդ. «Տասովչիկների» ճակատագիրը եւ «կոռեկտ մնալու» կոչը

Դեկտեմբեր 05, 2018 Լուրեր

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգի միջոցով ներկայացնում է ընտրություններին մասնակցող 11 ուժերի լուսաբանման ծավալները օնլայն մեդիայում` քարոզարշավի յուրաքանչյուր օրվա համար:

136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով դեկտեմբերի 4-ին ամենաշատ հիշատակումներ ունեցել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՝ 597 հիշատակում: 

Երկրորդ տեղում հիշատակումների քանակով «Իմ քայլը» դաշինքն է ՝ 467 հիշատակում: 

Երրորդ հորիզոնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 130 հիշատակում: 

Ամենաքիչ հիշատակումներ դեկտեմբերի 4-ին ունեցել է Քաղաքացու որոշում կուսակցությունը՝ 17 հիշատակում:

 

• Դեկտեմբերի 4-ին լրատվական կայքերը հրապարակեցին «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածն այն մասին, որ կաշառակերության մեջ մեղադրվող ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի գործով կալանավորվել են նրա երկու գործընկերները: 

• «Ժողովուրդ» օրաթերթը մեկ այլ հոդվածով անդրադարձավ ՀՀԿ նախկին «տասովչիկներին» եւ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներին՝ նշելով, որ վերջիններս անգործ են մնացել, քանի որ «Իմ քայլը» դաշինքի մի շարք թեկնածուներ նրանց մերժել են եւ անգամ արգելել մտնել իրենց շտաբ:

• ՀՀԿ ցուցակում ընդգրկված Մարգարիտ Եսայանը Ֆեյսբուքի իր էջում գրեց, որ իրենց համակիրներին «կանչում են, ահաբեկում, առաջարկում ընտրության օրը մեկնել, անէանալ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց նաեւ Արփինե Հովհաննիսյանը: Ոստիկանությունն արձագանքեց Արփինե Հովհաննիսյանի գրառմանը՝ նշելով, որ «գրառումը ստահոդ է և պայմանավորված է քարոզարշավի տրամաբանությամբ»:

• Լրատվամիջոցները հայտնեցին, որ Արամ Հարությունյանին մանդատից զրկելու հարցը չի քննարկվի ԱԺ-ում, քանի որ քվորում չկա:

• Ալեն Սիմոնյան հորդորեց Էդուարդ Շարմազանովին «կոռեկտ մնալ» վարչապետի մասին խոսելիս: Հակառակ դեպքում, վերջինս «համապատասխան պատասխան կստանա» անձամբ իրենից:

• Ապարանում «Իմ քայլի» քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «85 հազար մարդու նպաստ ու թոշակ եկող տարվա հունվարի 1-ից ավելանալու է»: 

• Արմավիրում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջերս իրենց մեղադրում են Արցախը հանձնելու մտադրության մեջ: «Արցախը հանձնելու դավադրության մասին խոսելը մեղադրանք է պետական դավաճանության մեջ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

• ԲՀԿ-ն երեկ քարոզարշավ իրականացրեց Գեղարքունիքի մարզում: Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ բնակարաշինության խնդիրներին:

• ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը մամուլի ասուլիսի ժամանակ կոշտ քննադատության ենթարկեց իշխանություններին եւ Նիկոլ Փաշինյանին բանավեճի հրավիրեց: