Քարոզարշավը հանգստյան օրերին. «Ձիու պատմությունը» եւ «բանդան» - maxmonitor.am


Հիշել ինձ


Քարոզարշավը հանգստյան օրերին. «Ձիու պատմությունը» եւ «բանդան»

Դեկտեմբեր 03, 2018 Լուրեր

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգի միջոցով ներկայացնում է ընտրություններին մասնակցող 11 ուժերի լուսաբանման ծավալները օնլայն մեդիայում` քարոզարշավի յուրաքանչյուր օրվա համար:

136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով դեկտեմբերի 1-ին եւ 2-ին ամենաշատ հիշատակումներ ունեցել է «Իմ քայլը» դաշինքը՝ 551 հիշատակում: 

Երկրորդ տեղում հիշատակումների քանակով Հայաստանի հանրապետական կուսակցությունն է ՝ 474 հիշատակում: 

Երրորդ հորիզոնականում ԲՀԿ-ն է՝ 191 հիշատակում: 

 

 

 

Հիմնական տեղեկատվական առիթները

• Դեկտեմբերի 1-ին լրատվամիջոցները հրապարակեցին ԲՀԿ ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի հարցազրույցը «Հրապարակ» թերթին, որի ընթացքում, անդրադառնալով «ասֆալտին պառկեցնելու, պատին ծեփելու» սպառնալիքներին, վերջինս ասաց՝ «ոչ մի դեպքում․ասֆալտ ես չեմ սիրում, էլ չեմ ասում, որ ես ասֆալտին պառկող տղա չեմ»:

• «Հրապարակ» օրաթերթը տեղեկություններ տարածեց այն մասն, որ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը «համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ»:

• «Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 1-ին քարոզարշավ անցկացրեց Սյունիքի մարզում, իսկ դեկտեմբերի 2-ին այցելեց Վայոց ձորի մարզ: Սյունիքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի կրթական բաղադրիչին եւ ասաց, որ «մենք պետք է չհանդուրժենք անորակ կրթությունը»:

• Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքի պաստառներին: «Այս մեկն էլ չգրված օրենքների խախտում է։ Էջմիածնում ուրիշ տեղ չկա՞ պաստառ փակցնելու, քան Մայր Աթոռի ցանկապատը»,- գրեց նա: 

• Արմեն Աշոտյանը կրկին ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ պատրաստվում է դատի տալ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանին: «Արարատ Միրզոյանը քիչ առաջ ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա: Ես` որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար», - գրեց Աշոտյանը:

• ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քարոզարշավ իրականացրեց Աշտարակում: Գագիկ Ծառուկյանը կրկին խոսեց վարկերի ծանր բեռի մասին: Նա նաեւ մյուս քաղաքական ուժերին մեղադրեց իրենց ծրագրային դրույթները գողանալու մեջ: 

• Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում մի զվարճալի իրավիճակ նկարագրեց, որ 3-րդ մասում իր նախընտրական պաստառը սխալ են փակցրել, եւ երբ ցանկացել են հանել, տեղի բնակիչները հավաքվել են եւ «բունտ արել»: «Ահագին երկար համոզելուց հետո հանեցին»,- գրել է նա:

• Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի ուղիղ եթերում դիմեց Փաշինյանի կառավարությանը  հարցնելով՝ «բա եթե շանս չունենք, ինչի՞ եք առավոտից երեկո մեզնից խոսում»:

• «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց դեմ «սև քարոզչություն» է սկսվել:  «Ինչ ասես՝ տարածում են մեր մասին, ֆեյսբուքում բոլորը գովազդի տակ են դրել, փող են ծախսում հակաքարոզչության համար։ Մեր լույսը փորձում են խամրեցնել, բայց նրանք խավարում ապրած, խավարում գործող գործիչներ են, դրանք անում են ֆեյքերով»,- հայտարարեց նա: 

• «Իմ քայլը» դաշինքը դաշինքը ներկայացնող արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է բանավիճել ՀՀԿ թեկնածու Մենուա Հարությունյանի հետ: «Մի քանի օր առաջ համաձայնել էի «Շանթի» եթերում երեկոյան բանավիճել ՀՀԿ-ի 9-րդ համար Մենուա Հարությունյանի հետ, բայց երեկվա «ձիու պատմությունից» հետո (նկատի ունի Մենուա Հարությունյանի լուսանկարը ձիու վրա-խմբ.) զգացի, որ ուղղակի չեմ կարող իմ ներկայությամբ լրջացնել անլրջությունը, և ինձ համար անհարիր կլինի մասնակցել նման բանավեճի: Կանխագուշակելով հնարավոր շահարկումները` ասեմ, որ պատրաստ եմ փոխարենը բանավիճել ՀՀԿ 10-յակից ցանկացածի հետ»,-Ֆեյսբուքի իր էջում գրեց Ռուբեն Ռուբինյանը: