Օր չորրորդ. Փաշինյանի կոչը եւ Շարմազանովի live-ը - maxmonitor.am


Հիշել ինձ


Օր չորրորդ. Փաշինյանի կոչը եւ Շարմազանովի live-ը

Նոյեմբեր 30, 2018 Լուրեր

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգի միջոցով ներկայացնում է ընտրություններին մասնակցող 11 ուժերի լուսաբանման ծավալները օնլայն մեդիայում` քարոզարշավի յուրաքանչյուր օրվա համար:

136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով նոյեմբերի 29-ին ամենաշատ հիշատակումներ ունեցել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 468 հիշատակում: 

 


Երկրորդ տեղում հիշատակումների քանակով «Իմ քայլը» դաշինքն է ՝ 421 հիշատակում: 

Երրորդ հորիզոնականում ՀՅԴ կուսակցությունն է՝ 155 հիշատակում: 

Ամենաքիչը օնլայն մեդիայում, ինչպես եւ նախորդ օրերին, հիշատակվել է «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը՝ 11 հիշատակում:

 


Հիմնական տեղեկատվական առիթները

•    Նոյեմբերի 29-ին «168 Ժամ» թերթը տեղեկություններ տարածեց, որ Արցախում ծառայող զինվորները կտեղափոխվեն Գորիս եւ Կապան՝ ընտրելու «Իմ քայլը» դաշինքին: Այս տեղեկությանն արձագանքեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ «ԶՈւ-երի զինծառայողներին, այդ թվում նաեւ ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն»:

•    Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ իրենց պայքարը «Փաշինյանի եւ նրա թիմի հետ է», եւ մյուսներին խորհուրդ տվեց «ոտքի տակ չընկնել»: Նա նաեւ ներկայացրեց ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն ու ասաց, որ ընտրվելու դեպքում «օր ու արեւ չի տալու կառավարությանը»:

•    Ճամբարակում նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում դիմեց Արցախի իշխանություններին եւ նրանց խորհուրդ տվեց՝ «սթափվել»: «Բացարձակապես չեմ հասկանում էդ ինչի՞ են ակտիվացել ու ինչի՞ են տարբեր մեկնաբանություններ անում եւ ինչի՞ են փորձում որեւէ ձեւով խառնվել ու իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում»,- ասաց նա:

•    Գեղարքունիքի մարզում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց 589 մլն դոլարի հնարավոր ներդրումների մասին: 

•    Արփինե Հովհաննիսյանը լոռեցիներին կոչ արեց իր փոխարեն քվեարկել Շարմազանովի օգտին, քանի որ վերջինս «ավելի լավ է տիրապետում մարզում առկա խնդիրներին»: 

•    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը քարոզարշավ իրականացրեց Սյունիքի մարզում եւ բնակիչների հետ խոսեց վարկերի հասանելիության, տոկոսադրույքների իջեցման, աշխատավարձերի բարձրացման, աշխատատեղերի ստեղծման, հարկերի իջեցման անհրաժեշտության մասին: