Նոյեմբերի 26-ին պաշտոնապես մեկնարկել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:
Մեդիամաքս մեդիա-ընկերությունը իր MaxMonitor համակարգի միջոցով կներկայացնի ընտրություններին մասնակցող 11 ուժերի լուսաբանման ծավալները օնլայն մեդիայում` քարոզարշավի յուրաքանչյուր օրվա համար:
136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով նոյեմբերի 26-ին ամենաշատ հիշատակումներ ունեցել է «Իմ քայլը» դաշինքը՝ 608 հիշատակում:
Երկրորդ տեղում հիշատակումների քանակով ՀՀԿ-ն է՝ 450 հիշատակում:
Երրորդ հորիզոնականում «Սասնա ծռեր» կուսակցությունն է՝ 255 հիշատակում:
Ամենաքիչը օնլայն մեդիայում հիշատակվել է «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը՝ 26 հիշատակում:

Հիմանական տեղեկատվական առիթները
• «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը սկսեց Արագածոտնի մարզից: Հայտնի դարձավ, որ քարոզարշավը ղեկավարում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով այդ նպատակով արձակուրդ է վերցրել։ Դաշինքի թեկնածուները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եղան Ուջանում, Թալինում, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, Պեմզաշենում, Արթիկում, Գյումրիում: Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում անդրադարձավ երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների նվազեցմանը, պետբյուջե գումարների վերադարձին, ՀՀԿ-ի քարոզչական պաստառներին, ինչպես նաեւ սաստեց «Սասնա ծռեր» կուսակցությանը: Սասուն Միքայելյանը քարոզարշավի շրջանակներում հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քանի Արցախյան ազատամարտը: Այս արտահայտությանը արձագանքեցին ՀՀԿ մի շարք պատգամավորներ, հասարակական եւ ռազմական գործիչներ: Ավելի ուշ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ իր խոսքը սխալ են մեկնաբանում։
• Հիշատակումների ծավալով երկրորդ տեղում գտնվող ՀՀԿ-ն քարոզարշավը մեկնարկեց նախընտրական ծրագրի շնորհանդեսով: ՀՀԿ նախընտրական ծրագիրը ներկայացրեցին Արփինե Հովհաննիսյանը եւ Արմեն Աշոտյանը: Նրանք պատասխանեցին իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, ինչպես նաեւ մեկնաբանեցին իրենց կարգախոսն ու սեւ սպիտակ քարոզչական պաստառները: