MaxMonitor Ratings. Արարատի մարզպետի սկանդալներով լի սեպտեմբերը - maxmonitor.am


Հիշել ինձ


MaxMonitor Ratings. Արարատի մարզպետի սկանդալներով լի սեպտեմբերը

Հոկտեմբեր 04, 2018 MaxMonitor Ratings
Լուսանկարը` Sputnik Armenia

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը այսուհետ կներկայացնի ՀՀ մարզպետների օնլայն մեդիա վարկանիշը:

MaxMonitor համակարգը սեպտեմբեր ամսվա ընթացքում հետեւել է, թե ինչ հաճախականությամբ եւ ինչ թեմաների շուրջ են հայկական օնլայն մեդիայում հիշատակվել ՀՀ մարզպետները՝

  1. Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը
  2. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը
  3. Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը
  4. Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը
  5. Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը
  6. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը
  7. Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը
  8. Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը
  9. Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը
  10. Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:

136 լրատվական կայքերի սեպտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ լուսաբանված մարզպետների եռյակն է՝

  1. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան՝ 326 հիշատակում:
  2. Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյան՝ 163 հիշատակում:
  3. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան՝ 127 հիշատակում:

 

 

Հիմնական տեղեկատվական առիթները

  • Սեպտեմբերի 10-ին մի շարք լրատվամիջոցներ լուր տարածեցին, որ Արարատի մարզպետի կողմից մարզի դպրոցների տնօրեններին տրվել է կարգադրություն՝ աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի հասած մանկավարժներին: Սեպտեմբերի 14-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդես եկավ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսով և հայտարարեց, որ Արարատի մարզի Դաշտավան համայնքում նախատեսվում է ստեղծել կոկորդիլոսաբուծարան, ինչը մեծ արձագանք ստացավ ինչպես լրատվամիջոցներում, այնպես էլ՝ սոցիալական ցանցերում: Ապա՝ սեպտեմբերի 19-ին, լրատվամիջոցները տարածեցին Գարիկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ուղղված մարզի դպրոցների տնօրեններին՝ կոչ անելով «չաշխատել նախկինի պես եւ աշխատանքի համար հայտարարված մրցույթներին դիմած քաղաքացիներին չմերժել անհիմն»: Սեպտեմբերի 22-ին լայն արձագանք ստացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած խորհրդակցությունը Արարատի մարզային պատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ, որից հետո կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց Արարատի մարզպետը, ով վարչապետին փորձում էր տվյալներ հայտնել մարզում առկա հակակարկտային ցանցի ու կաթիլային ոռոգման ցանցի վերաբերյալ: Սեպտեմբեր ամսվա ընթացքում մամուլում հայտնվեցին նաև հրապարակումներ այն մասին, որ Արարատի մարզպետն, իբրև թե, մարզպետարանում իրեն շրջապատել է յուրայիններով: Ուշագրավ էր նաև Գարիկ Սարգսյանի առաջարկն՝ ուղղված Արարատի մարզի համայնքապետերին՝ վայր դնել իրենց լիազորություններն ու կրկին ընտրվել:

 

  • Սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ուղեկցելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, ներկա է գտնվել մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի սեպտեմբերմեկյան հանդիսությանը: Սեպտեմբերի 3-ին Արմավիրի մարզպետը հանդիպում է ունեցել մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչների հետ, ովքեր սպառնում էին նստացույց ու հացադուլ անել կառավարության շենքի մոտ, քանի որ մոտ երկու ամիս առաջ պաշտոնանակ արված գյուղապետը փորձում էր վերադառնալ իր պաշտոնին: Մարզպետը խոստացավ լուծում տալ գյուղացիների խնդրին: Սեպտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետԳագիկ Միրիջանյանի դեմ դատական հայց է ներկայացրել Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Արտակ Միքայելյանը՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի՝ 2018թ օգոստոսի 3-ի որոշումը, իրեն վերականգնել նախկին աշխատանքին եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 7-ին, «Ժամանակ» օրաթերթը գրեց, որ Գագիկ Միրիջանյանը արհամարհել է նախորդ օրն Էջմիածնում կայացած թիվ 1 մարզադպրոցի և հարակից շինությունների բացման միջոցառումը՝ բացակայելով դրանից:

 

  • Կոտայքի մարզպետՌոմանոս Պետրոսյանը սեպտեմբերի 10-ին կեսգիշերն անց անակնկալ այց է կատարել  մարզային ենթակայության «Ռ.Հարությունյանի անվ. Աբովյանի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ։ Սեպտեմբերի 14-ին Ռոմանոս Պետրոսյանը լրատվամիջոցներին պարզաբանումներ է ներկայացրել Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում ստեղծված իրավիճակի հետ կապված, որտեղ համայնքի ներկայացուցիչներն բողոքի ակցիա էին իրականացնում, քանի որ նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը հրաժարական էր տվել, իսկ նշանակված ԺՊ-ն, այդքան էլ «տեղացիների սրտով չէր»: Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: