MaxMonitor Ratings. Հայաստանը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի խաչմերուկում - maxmonitor.am


Հիշել ինձ


MaxMonitor Ratings. Հայաստանը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի խաչմերուկում

Հուլիս 17, 2018 MaxMonitor Ratings

Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իսկ Եվրոպական միության (ԵՄ) հետ վերջերս ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Մեդիամաքս-ի MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն:

2018թ.հունիս ամսվա ընթացքում 135 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ԵՄ-ն ավելի շատ է հիշատակվել, քան ԵԱՏՄ-ն:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Հունիս ամսվա ընթացքում վերլուծության են ենթրկվել ընդհանուր առմամբ 1291 հոդվածներ, որոնք պարունակել են ԵՄ կամ ԵԱՏՄ բանալի բառերը: Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ: 

Հիմնական տեղեկատվական առիթները

ԵԱՏՄ

Հունիսի սկզբին Երևանում կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ռիսկերի կառավարման համակարգի զարգացման աշխատանքային խմբի հերթական նիստը: Հրապարակվեց կառավարության ամբողջական ծրագիրը, որտեղ որպես արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներ նշվում է ԵԱՏՄ և ՀԱՊԿ կառույցներին անդամակցությունն ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես նաև ԵՄ և ԱՄՆ հետ հարաբերությունները խորացնելու մասին: Մոսկվայում տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ժամանակ առանձնահատուկ ընդգծվեց ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում սերտ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը ընդունեց ՀՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ կարևորելով արդյունավետ համագործակցությունը ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում:Մոսկվայում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ վերջինս ընդգծեց Հայաստանի հետ առևտրաշրջանառության աճը, ինչպես նաև Հայաստանի համար ԵԱՏՄ անդամակցության դրական ազդեցությունը: ՀՀ վարչապետը հանդիպեց նաեւ ՌԴ վարչապետ Դմ. Մեդվեդևի հետ, որի ժամանակ զրուցակիցներն անդրադարձան ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությանը: Նիկոլ Փաշինյանը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ-ն առևտրային հարաբերություններում սահմանափակում չունի և որ Հայաստանը այնտեղ կարող է անվերջ արտահանում իրականացնել:

ԵՄ

Հունիսի սկզբին ԵՄ-ն հայտարարեց, որ պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանն արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցում:  Նիկոլ Փաշինյանը և Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին քննարկեցին ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող օրակարգային հարցեր: ԵՄ-ն նոր զեկույցում նշվում էր, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում 2015 թվականի հունվարից արձանագրվել է զգալի զարգացում: Հրապարակվեց նաեւ կառավարության ամբողջական ծրագիրը, որտեղ որպես արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներ նշվում է ԵԱՏՄ և ՀԱՊԿ կառույցներին անդամակցությունն ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես նաև ԵՄ և ԱՄՆ հետ հարաբերությունները խորացնելու մասին: Էդուարդ Շարմազանովը քննադատեց կառավարության ծրագիրը՝ նշելով, որ այն շարունակում է նախկին կառավարության քաղաքականությունը՝ նկատի ունենալով մասնավորապես ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցության և ԵՄ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ դիրքորոշումները: Հունիսի 7-ին Լեհաստանի Սեյմը վավերացրեց ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը, այնուհետև հունիսի 29-ին Լեհաստանի սենատը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Հունիս ամսվա ընթացքում այդ համաձայնագիրը վավերացվեց նաև Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի և Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից: Մոսկվա կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշեց, որ Հայաստանը խորացնելու է հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի, Վրաստանի և այլ միջազգային իրավունքի սուբյեկտների ու պետությունների հետ, սակայն այդ հարաբերությունները չեն խորանա ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների: Նիկոլ Փաշինյանը հունիս ամսվա վերջերչն հայտնեց, որ պատրաստվում է այցելել Բրյուսել և այնտեղ հանդիպումներ ունենալ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: