MaxMonitor Ratings. Փաշինյանի կառավարությունն ու ԵՄ, ԵԱՏՄ կապերը - maxmonitor.am


Հիշել ինձ


MaxMonitor Ratings. Փաշինյանի կառավարությունն ու ԵՄ, ԵԱՏՄ կապերը

Հունիս 07, 2018 Լուրեր

Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իսկ Եվրոպական միության (ԵՄ) հետ վերջերս ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Մեդիամաքս-ի MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն:

2018թ. մայիս ամսվա ընթացքում 135 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ԵՄ-ն ավելի շատ է հիշատակվել, քան ԵԱՏՄ-ն: 

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Մայիս ամսվա ընթացքում վերլուծության են ենթրկվել ընդհանուր առմամբ 1591 հոդվածներ, որոնք պարունակել են ԵՄ կամ ԵԱՏՄ բանալի բառերը: Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

Հիմնական տեղեկատվական առիթները

ԵԱՏՄ

Մայիսի սկզբին ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ-ն կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ՝ ձգտելով առավել արդյունավետ դարձնել այդ անդամակացությունը։ Ն․ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Վ․ Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվեցին համագործակցութան հարցեր: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցեց ԵԱՏՄ գագաթնաժողովին: ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հաստատեց ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների լիակատար հանձնառությունը և հայտնեց, որ նոր կառավարությունը տրամադրված է ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ։ Նա գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ ունեցավ ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի, Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փաշինյանը Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում վերահաստատեց համագործակցության կարեւորությունը ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ շրջանակներում։ Մայիս ամսվա ընթացքում ԵԱՏՄ-ն համաձայնագրեր կքնեց Իրանի եւ Չինաստանի հետ:

ԵՄ

Մայիսին Ֆեդերիկա Մոգերինին և Նիկոլ Փաշինյանը քննարկեցին  արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը համատեղ շնորհավորական ուղերձ հղեցին Փաշինյանին։  Եվրոպական խորհրդարանը հավանություն տվեց Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, իսկ Լիտվայի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։

ԵՄ-ն վերահաստատեց ժողովրդավարական հաստատությունների բարեփոխումների համար օժանդակության տրամադրումը Հայաստանին։ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկեց ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ մի շարք հարցեր։  Վարչապետը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ նախագահը ընդունեցին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին։

ԵՄ-ի վերաբերյալ բացասական հրապարակումները վերաբերում են Նաիրա Զոհրաբյանի ահազանգին առ այն, որ ԵՄ երկրների վիզայի ծառայություններ մատուցող կենտրոնները անհարգալից վերաբերմունք ունեն ՀՀ քաղաքացիների նկատմամբ: