Հրապարակվել է բուհերի հունիսի օնլայն մեդիա վարկանիշը - maxmonitor.am


Հիշել ինձ


Հրապարակվել է բուհերի հունիսի օնլայն մեդիա վարկանիշը

Հուլիս 16, 2019 MaxMonitor Ratings

Կրթության եւ գիտության նախարարությունը (ԿԳՆ) եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն` իր MaxMonitor համակարգի միջոցով շարունակում են ներկայացնել Հայաստանի բուհերի օնլայն մեդիա վարկանիշները:

Հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում լրատվական կայքերում ամենաշատ հրապարակումներն ունեցել են՝

Երեւանի պետական համալսարանը՝ 263 հիշատակում:

Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 155 հիշատակում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 92 հիշատակում:

Հաշվետու ժամանակահատվածում ամենաքիչ հրապարակումներն ունեցել են Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան եւ Վանաձորի պետական համալսարանը (1-ական հիշատակում), Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանն ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը (2-ական հիշատակում):

 

 

 

Հաշվետվությունն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:

Հունիս ամսվա ընթացքում բացասական երանգավորմամբ հիշատակումներով աչքի են ընկել՝  

Երեւանի պետական համալսարանը՝ 90 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 34.2%-ը), 

Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 23 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 14.8%-ը), 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 9 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 9.8%-ը)։

 

ԵՊՀ-ի վերաբերյալ բացասական հիշատակումների մի մասը գոյացել է «Իրատես» թերթում հունիսի 4-ին տեղ գտած հրապարակման արդյունքում: Թերթը գրել էր, որ ԵՊՀ-ում նոր խռովություն է հասունանում, քանի որ, «դիակիզարանների եւ գերեզմանների վրա «մասնագիտացած», «Բաց հասարակության հիմնադրամներից» պատկառելի գումարներ ստացած, «սորոսականի» համարում ունեցող իմքայլական նախկին ԿԳ փոխնախարարն այդ պոստում նշանակվելու «երկաթյա» պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ»։  

ԵՊՀ-ի վերաբերյալ բացասական հիշատակումների մի մասն էլ գոյացել է «Հրապարակ» թերթում հունիսի 18-ին, հունիսի 20-ին եւ հունիսի 27-ին տեղ գտած հրապարակումների արդյունքում: Հունիսի 20-ին թերթն անդրադարձել էր ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանի ունեցած կապերին նախկին իշխանությունների ու բիզնեսի հետ։ Ըստ թերթի՝ Գեւորգյանին է պատկանում «Հյուր սերվիս» ընկերությունը, որը ծառայություններ է մատուցում ԵՊՀ-ին: Բացի այդ, ըստ թերթի, Էվոկաբանկում ռուսաստանյան հայտնի գործարար Սենիկ Գեւորգյանի մասնաբաժինը գրանցված է Գեղամ Գեւորգյանի անունով: 

Երեւանի պետական բժշկական համալսարանի վերաբերյալ բացասական հիշատակումներն առնչվում են Պետական վերահսկողության ծառայության՝ հունիսի 10-ին տարածած հաղորդագրությանն առ այն, որ Ծառայությունն ավարտել է ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրությունը, որի արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։ ՊՎԾ-ն տեղեկացրել է, որ կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Հունիսի 17-ին դատախազությունը մամուլի հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ Բժշկական համալսարանում ՊՎԾ-ի ուսումնասիրության տեղեկանքն ուղարկել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վերաբերյալ բացասական հիշատակումները գեներացվել են բուհի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի եւ դասախոսական կազմի միջեւ հակասությունների վերաբերյալ մամուլում պարբերաբար հայտնվող հրապարակումների արդյունքում:

Հունիս ամսվա ընթացքում դրական երանգավորմամբ հիշատակումներով առավելապես աչքի են ընկել Երեւանի պետական համալսարանը՝ 64 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 24.3%-ը), Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ 50 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 98.0%-ը) եւ Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 45 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 29.0%-ը):

Դիտարկվող բուհերից նախորդ ամսվա ընթացքում առավելապես Երեւանի պետական բժշկական համալսարանը, Երեւանի պետական համալսարանը եւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանն են աշխատանք տարել մամուլի հետ: