Հրապարակվել է բուհերի ապրիլի օնլայն մեդիա վարկանիշը - maxmonitor.am


Հիշել ինձ


Հրապարակվել է բուհերի ապրիլի օնլայն մեդիա վարկանիշը

Մայիս 13, 2019 MaxMonitor Ratings

Կրթության եւ գիտության նախարարությունը (ԿԳՆ) եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն` իր MaxMonitor համակարգի միջոցով շարունակում են ներկայացնել Հայաստանի բուհերի օնլայն մեդիա վարկանիշները:

Ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում լրատվական կայքերում ամենաշատ հրապարակումներն ունեցել են՝

Երեւանի պետական համալսարանը՝ 542 հիշատակում:

Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 77 հիշատակում:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ 77 հիշատակում: 

Հաշվետու ժամանակահատվածում ամենաքիչ հրապարակումներն ունեցել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը՝ 1 հիշատակում, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան՝ 1 հիշատակում, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ 5 հիշատակում:

 

 

Հաշվետվությունն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:

Ապրիլ ամսվա ընթացքում բացասական երանգավորմամբ հիշատակումներով աչքի են ընկել՝ 

Երեւանի պետական համալսարանը՝ 26 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 4.8%-ը): 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 3 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 9.7%-ը)։

 

 

 

 

ԵՊՀ-ի մասով բացասական հրապարակումները հիմնականում գոյացել են առցանց ԶԼՄ-ներում «Հրապարակ» օրաթերթում ապրիլի 4-ին եւ ապրիլի 23-ին հրապարակված հոդվածների տարածման արդյունքում: Ապրիլի 4-ին հրապարակված նյութում, մասնավորապես, ասված է, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից ստեղծված ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողովը՝ Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ, գումարված երկու նիստերի արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ որոշ դեկաններ եւ ամբիոնի վարիչներ չեն համապատասխանում իրենց պաշտոններին, հենց նրանք են խանգարում ԵՊՀ-ի բարեփոխմանը: 

Այս որոշմանը հանգելուց հետո, ըստ թերթի տեղեկությունների, Հովհաննիսյանը այցելել է որոշ դեկանների, առաջարկել նրանց դիմում գրել եւ ազատվել զբաղեցրած պաշտոններից: Թերթը նշում էր, որ Հովհաննիսյանը դեկաններից կոշտ պատասխան է ստացել: 

Իսկ ապրիլի 23-ի համարում «Հրապարակ» թերթն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ նախորդ օրը ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է ոչ թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, այլ պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը: Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանն ինքը չի ցանկացել, որ Սիմոնյանն իրեն դիմավորի: 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասով բացասական հրապարակումներն առնչվում են ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի կողմից ուսանողներին չորրորդ անգամ քննություն հանձնելու իրավունք տալուն, ինչպես նաեւ «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Փարվանյանի՝ ՀՊՏՀ ֆինանսական տնօրեն նշանակվելուն:

Մասնավորապես, Iravunk.com-ը գրել է, որ ուսանողներին չորրորդ անգամ քննություն հանձնելու իրավունքն, ըստ օրենքի, կարող է տալ միայն ԿԳՆ նախարարը՝ ռեկտորի պաշտոնակատարին մեղադրելով իրեն նախարարի լիազորություն վերապահելու մեջ:

Փարվանյանի նշանակման մասով էլ լրատվամիջոցները գրել են, որ նրա ցուցմունքով է երկրորդ անգամ կալանավորվել «հաց բերողը»` Արթուր Սարգսյանը:

Ապրիլ ամսվա ընթացքում դրական երանգավորմամբ հիշատակումներով առաջատար են Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ 50 հիշատակում(ընդհանուր հիշատակումների 64.9%-ը), Երեւանի պետական համալսարանը՝ 56 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 10.3%-ը) եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ 26 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 44%-ը):

Դիտարկվող բուհերից նախորդ ամսվա ընթացքում առավելապես Երեւանի պետական բժշկական համալսարանը եւ Երեւանի պետական համալսարանն են աշխատանք տարել մամուլի հետ: