Օր 10-րդ. ԱԱԾ-ի «հրավերը», գաղտնալսումը եւ աննախադեպ բանավեճը - maxmonitor.am


Հիշել ինձ


Օր 10-րդ. ԱԱԾ-ի «հրավերը», գաղտնալսումը եւ աննախադեպ բանավեճը

Դեկտեմբեր 07, 2018 Լուրեր

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգի միջոցով ներկայացնում է ընտրություններին մասնակցող 11 ուժերի լուսաբանման ծավալները օնլայն մեդիայում` քարոզարշավի յուրաքանչյուր օրվա համար:

136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով դեկտեմբերի 5-ին ամենաշատ հիշատակումներ ունեցել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՝ 733 հիշատակում: 


Երկրորդ տեղում հիշատակումների քանակով «Իմ քայլը» դաշինքն է ՝ 408 հիշատակում:

Երրորդ հորիզոնականում «Սասնա Ծռեր» կուսակցությունն է՝ 136 հիշատակում: 

Ամենաքիչ հիշատակումներ դեկտեմբերի 5-ին ունեցել է Քաղաքացու որոշում կուսակցությունը՝ 29 հիշատակում:

 


Հիմնական տեղեկատվական առիթները

Դեկտեմբերի 5-ին լրատվական կայքերը հրապարակեցին «Հրապարակ» օրաթերթի հոդվածն այն մասին, թե «ՀՀԿ-ի քարոզարշավն ամենաէժանն է, «Իմ քայլինը»՝ ամենաթա՞նկը»: «Հրապարակ»-ի հետ զրույցում Արմեն Աշոտյանը հաստատել էր, որ իրենց վրա այս քարոզարշավը բավականին «էժան է նստել», իսկ Ալեն Սիմոնյանը հերքել էր, որ իրենք շատ գումարներ են ծախսել: 

Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչություն իրականացրեց Երեւանում: Նա եղավ 54 երթուղային ավտոբուսում, Երեւանի մետրոպոլիտենում, ինչպես նաեւ դռնեդուռ քարոզչություն իրականացրեց՝ ընտրողներին նախընտրական բուկլետներ բաժանելով:  

Փաշինյանը մետրոպոլիտենում լրագրողների հետ զրույցում նշեց, որ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով»: 

Հեռակա կարգով շարունակվում էր Դավիթ Շահնազարյանի ու Սասուն Միքայելյանի վեճը: Դավիթ Շահնազարյանը Սասուն Միքայելյանին մեղադրել էր Օմարի լեռնանցքը հակառակորդին զիջելու մեջ: 

Դեկտեմբերի 5-ին լրատվամիջոցները տարածեցին ԱԱԾ հաղորդագրությունն այն մասին, որ Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ՝ իշխանություններին Արցախի հանձման մեջ մեղադրելու հաղորդման կապակցությամբ, «ըստ էության, բացատրություն տալու եւ այն հիմնավորող փաստաթղթեր եւ այլ նյութեր ներկայացնելու համար»: 

Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ չի ներկայանա ԱԱԾ եւ նշեց, որ ինքը ենթարկվում է «քաղաքական հետապնդման»: «Եթե մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին եւ հաղորդում չի տալիս, ուրեմն նա շառլատան է»,- Շահնազարյանին ի պատասխան հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Սասնա ծռեր» կուսակցության անդամները նախընտրական հանդիպում անցկացրեցին Մեղրիի բնակիչների հետ եւ հայտարարեցին, որ նախկին երեք նախագահներն էլ պետք է «պատասխան տան»:

Համացանցում տարածվեց հայտնի գաղտնալսման նոր մասը, որտեղ ներկայացվում են հատվածներ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից: Նիկոլ Փաշինյանը գաղտնալսմանը անդրադարձավ ֆեյսբուքյան ուղիղ եթերում եւ նշեց, որ դա հակահեղափոխության դրսեւորում էր, եւ «կասկած չկա, որ հակահեղափոխությանն ու կոռումպացված համակարգին սպասվում է ջախջախիչ պարտություն»:

Երեկոյան Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում բանավիճեցին բոլոր 11 ուժերի նախընտրական ցուցակների առաջին համարները: