Օր 8. Ամենից շատ հիշատակվել են ՀՀԿ-ն, «Իմ քայլն» ու «Սասնա Ծռերը» - maxmonitor.am


Հիշել ինձ


Օր 8. Ամենից շատ հիշատակվել են ՀՀԿ-ն, «Իմ քայլն» ու «Սասնա Ծռերը»

Դեկտեմբեր 04, 2018 Լուրեր

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգի միջոցով ներկայացնում է ընտրություններին մասնակցող 11 ուժերի լուսաբանման ծավալները օնլայն մեդիայում`քարոզարշավի յուրաքանչյուր օրվա համար:

136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով դեկտեմբերի 3-ին ամենաշատ հիշատակումներ ունեցել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՝ 379 հիշատակում: 

Երկրորդ տեղում հիշատակումների քանակով «Իմ քայլը» դաշինքն է ՝ 334 հիշատակում: 

Երրորդ հորիզոնականում «Սասնա Ծռեր» կուսակցությունն է՝ 145 հիշատակում

Ամենաքիչ հիշատակումներ դեկտեմբերի 3-ին ունեցել է Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը՝ 19 հիշատակում:

 


Հիմնական տեղեկատվական առիթները

•    Դեկտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որ  Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացվել խորհրդարան, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ:

•    «Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 3-ին քարոզարշավ անցկացրեց Արարատի մարզում: Նիկոլ Փաշինյանն Արարատում հանրահավաքը սկսեց ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի լուրից:

•    Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ իրենք մտահոգված են «թե սեւերի ու սպիտակների արհեստական բաժանումով, թե ավանդական արժեքների նկատմամբ հարձակումներով, թե Արցախի հերոսների նկատմամբ ոչ կոռեկտ գնահատականներով, թե ասֆալտին փռելու կոչերով, թե ՀՀԿ-ի դեմ հարձակումներով»: Նա Փաշինյանին անվանեց «բայղուշ ու լաչառ»:

•    Հայտարարություն տարածեց «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը՝ հայտնելով, որ  ԱԺ արտահերթ ընտրություններում սատարում է «Սասնա ծռերին»: 

•    «Սասնա Ծռեր»-ը քարոզարշավ իրականացրեց Երեւանի կենտրոնում: Ժիրայր Սեֆիլյանը քարոզարշավի ընթացքում ասաց. «Մենք նկատում ենք, հատուկ միտում կա ինչ-որ շրջանակների կողմից սեպ խրելու մեր եւ Նիկոլ Փաշինյանենց միջեւ: Մենք թույլ չեն տալու դա եւ մենք ձեռք ձեռքի բռնած գնալու ենք առաջ»: Ժիրայր Սեֆիլյանը նաեւ հավաստիացրեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք չի լինելու զինված ապստամբություն:

•    «Իմ քայլի» հավաքներից մեկի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա հինգ տարում ՀՀ Զինված ուժերի կարիքների համար կծախսվի հավելյալ 2,5 միլիարդ դոլար, եւ «այդ գումարը վճարելու են հայտնի կոռուպցիոներները»: Փաշինյանն ասաց, որ չի բացառում անցումային արդարադատության որոշակի մեխանիզմների ներդրումը պետությունից գողացված գումարները վերադարձնելու համար:

•    Ֆեյսբուքյան լայվի միջոցով ժողովրդին դիմեց նաեւ Արմեն Աշոտյանն՝ ասելով, որ «Փաշինյանի վարկանիշը սրընթաց անկում է ապրում»: «Նիկոլ Փաշինյանը որքան խաբում է ժողովրդին, այնքան վերականգնվում է ՀՀԿ–ի նկատմամբ վստահությունը»,-ասաց Աշոտյանը: 

•    ԲՀԿ-ն քարոզարշավ իրականացրեց Արագածոտնի մարզում, ՀՅԴ-ն՝ Արմավիրում, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ սահմանամերձ համայնքներում: