Օր երրորդ. օնլայն մեդիայում ՀՀԿ-ն առաջ է ընկել «Իմ քայլից» - maxmonitor.am


Հիշել ինձ


Օր երրորդ. օնլայն մեդիայում ՀՀԿ-ն առաջ է ընկել «Իմ քայլից»

Նոյեմբեր 30, 2018 Լուրեր

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգի միջոցով ներկայացնում է ընտրություններին մասնակցող 11 ուժերի լուսաբանման ծավալները օնլայն մեդիայում` քարոզարշավի յուրաքանչյուր օրվա համար:

136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով նոյեմբերի 28-ին ամենաշատ հիշատակումներ ունեցել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 692 հիշատակում: 

Երկրորդ տեղում հիշատակումների քանակով «Իմ քայլը» դաշինքն է ՝ 443 հիշատակում: 

Երրորդ հորիզոնականում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ 214 հիշատակում: 

Ամենաքիչը օնլայն մեդիայում, ինչպես եւ նախորդ օրերին, հիշատակվել է «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը՝ 23 հիշատակում:

 

 

 

Հիմնական տեղեկատվական առիթները

• Նոյեմբերի 28-ին Վահրամ Բաղդասարյանը «Իմ քայլը» դաշինքին մեղադրեց վարչական ռեսուրսի չարաշահման մեջ եւ ասաց՝ ինքը տեսել է, թե «ինչպես են Վանաձորում ավտոբուսներով պետական տարբեր հիմնարկների աշխատողներին տանում «Իմ քայլի» հավաքներին»: 

• էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղերձով անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ օրը հնչեցրած սպառնալիքներին, ասելով՝ «ի՞նչ ա նշանակում՝ ասֆալտին փռել, վզից բռնել, Դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտչիկ, ինչպե՞ս կարելի է իջնել էդ մակարդակին. սա քաղաքական բանավե՞ճ ա, թե՞ քուչի բազառ»:

• Մի շարք լրատվամիջոցներ հրապարակեցին հատվածներ Վիգեն Սարգսյանի՝ RIA Novosti-ին տված ծավալուն հարցազրույցից, որտեղ նա անդրադարձել է իշխող քաղաքական ուժի կողմից ՀՀԿ-ականների հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներին եւ խոսել է այն մասին, թե ինչպես է կուսակցությունը գնում ընտրությունների։ Նա նշել է, որ «կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում նման է մրցակիցների չեզոքացման»:

• Վիգեն Սարգսյանը դիմեց «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին՝ նրան հրավիրելով հեռուստատեսային բանավեճի:

• Հայտնի դարձավ, որ Արմեն Աշոտյանը հրավիրվել է Երեւանի քննչական վարչություն՝ որպես վկա: 

• Լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ Հերմինե Նաղդալյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել եւ չի մասնակցելու ընտրապայքարին:

• Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսեց կառավարության նախաձեռնած եկամտային հարկի համահարթեցման նախագծի մասին եւ նշեց, որ «դրանից անապահով խավի ու ցածր աշխատավարձ ստացողների վիճակը չի բարելավվի»:

• Փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանը անդրադարձավ ՀՀԿ-ական Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին եւ ասաց. «Ես, անկեղծ ասած, մեծ տարակուսանք ապրեցի, երբ իմացա, որ Դավիթ Շահնազարյանը Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում է: Եվ հիմա էլ տարակուսում եմ՝ տեսնելով, թե ինչպիսի ջերմեռանդությամբ է երբեմնի ընդդիմադիր դրոշ ծածանած մարդը ստանձնել հանցագործ ռեժիմի փաստաբանի դերը: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Դավիթ Շահնազարյանի արդեն որերորդ ձեւակերպումը ճշմարտության հետ աղերս չունի»:

• «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը Էջմիածնում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայտարարեց, որ «նոր խորհրդարանում ՀՀԿ-ն կարող է լինել բոքսի տանձիկ գործող իշխանության համար»: