Օր երկրորդ. Փոխադարձ մեղադրանքներ եւ սպառնալիքներ - maxmonitor.am


Հիշել ինձ


Օր երկրորդ. Փոխադարձ մեղադրանքներ եւ սպառնալիքներ

Նոյեմբեր 28, 2018 Լուրեր

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգի միջոցով ներկայացնում է ընտրություններին մասնակցող 11 ուժերի լուսաբանման ծավալները օնլայն մեդիայում` քարոզարշավի յուրաքանչյուր օրվա համար:

136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով նոյեմբերի 27-ին ամենաշատ հիշատակումներ ունեցել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 758 հիշատակում: 


Երկրորդ տեղում հիշատակումների քանակով «Իմ քայլը» դաշինքն է ՝ 658 հիշատակում: 

Երրորդ հորիզոնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 219 հիշատակում: 

Ամենաքիչը օնլայն մեդիայում, ինչպես եւ նախորդ օրը, հիշատակվել է «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը՝ ընդամենը 2 հիշատակում:

 


Հիմնական տեղեկատվական առիթները

Նոյեմբերի 27-ի քարոզարշավը նշանավորվեց «Իմ քայլը» դաշինքի եւ ՀՀԿ-ի փոխադարձ մեղադրանքներով, վիրավորանքներով եւ սպառնալիքներով: 

Արմեն Աշոտյանը կոշտ պատասխան տվեց Արայիկ Հարությունյանին: Նա, մասնավորապես ասաց՝ «եթե մի անգամ էլ քեզ թույլ տվեցիր որևէ տեղ որևէ առիթով ու որևէ ձևաչափով մեջբերել իմ երեխաների անունները, այդ անգամ արդեն քո քաղաքական «փրկիչ» Նիկոլ Փաշինյանը նույնիսկ քեզ չի օգնի»: 

ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ այսօրվա իշխանությունն Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է, քան՝ Ադրբեջանը: Շահնազարյանը նշեց, որ Սասուն Միքայելյանի թույլ տված արտահայտությունը «Իմ քայլը» դաշինքի քաղաքական ծրագիրն է: Նա նաեւ հայտարարեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կոռուպցիոներ է: 

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ «ՀՀԿ-ականների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոց» եւ հորդորեց ընտրողներին ՀՀԿ-ին «ոչ մի ձայն չտալ»:  

էդուարդ Շարմազանովը անդրադարձավ Փաշինյանի սպառնալիքներին եւ ասաց, «եթե փաստ ունես, որ ինչ-որ մեկն ինչ-որ մեկի նկատմամբ անօրինականություն է արել, ուրեմն հրահանգիր, թող իրավապահ մարմիններն աշխատեն, իսկ եթե փաստ չունես, քո էդ գոռգոռոցից ու ճղճղոցից ոչ ոք չի վախենում»:  

Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ ժամանակն է՝ Նիկոլ Փաշինյանը դիմի մասնագիտական հոգեբանական աջակցության: 

Հայտարարություն հրապարակեց նաեւ ՀՀԿ Կենտրոնական նախընտրական շտաբը՝ նշելով, որ վարչապետի  մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ  են եւ անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները: