MaxMonitor Ratings. ՀՀ-ն՝ կարեւոր հանգույց ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ - maxmonitor.am


Հիշել ինձ


MaxMonitor Ratings. ՀՀ-ն՝ կարեւոր հանգույց ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ

Նոյեմբեր 08, 2018 MaxMonitor Ratings

Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իսկ Եվրոպական միության (ԵՄ) հետ վերջերս ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Մեդիամաքս-ի MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն:

2018թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում 136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով, ինչպես եւ նախորդ ամիսներին, ԵՄ-ն ավելի շատ է հիշատակվել, քան ԵԱՏՄ-ն:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Հոկտեմբեր ամսվա ընթացքում վերլուծության են ենթարկվել ընդհանուր առմամբ 822  հոդվածներ, որոնք պարունակել են ԵՄ կամ ԵԱՏՄ բանալի բառերը: Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

Հիմնական տեղեկատվական առիթները

 ԵՄ

Հոկտեմբերին  «ՀայՓոստ»-ը շրջանառության մեջ դրեց «Եվրոպա 2018. Կամուրջներ» թեմայով նամականիշը, որի շնորհանդեսին մասնակցեց ՀՀճում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր առիթներով ասաց, որ Հայաստանը կարեւոր հանգույց է ԵՄ եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ։ Նիկոլ Փաշինյանն ընդունեց Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսին եւ նշեց, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով: Արցախի ԱԳՆ ղեկավարն էլ ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային: Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպեց ԵՄ հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ: Կաթողիկոսն ընդունեց Թոմաս Մայր-Հարթինգին և Պյոտոր Սվիտալսկիին:

ԵԱՏՄ

Հոկտեմբերի սկզբին  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կարևորեց ԵԱՏՄ ծրագրերում Հայաստանի ինտեգրման անհրաժեշտությունը: ՌԴ փոխարտգործնախարարը իր խոսքում նշեց, որ  Մոսկվան ու Երևանը համագործակցում են ԵԱՏՄ շրջանակներում՝ չնայած Հայաստանում անկայունության պահպանմանը: Հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր առիթներով ասաց, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը ԵԱՏՄ ընտանիքի անդամ է, օգտվում է որոշակի հարկային ու մաքսային արտոնություններից, մյուս կողմից՝ Հայաստանը կարեւոր համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի նախագահը հոկտեմբերի ընթացքում քննարկեցին ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի մեկնարկի ժամկետները: Հոկտեմբերին Երեւանում կայացավ «Եվրասիական շաբաթը»: ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարեց, որ եթե Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը դրվի օրակարգ, ՀՀ-ն իր անդամակցությունից բխող ողջ գործիքակազմով քայլեր կձեռնարկի: