Կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը հոկտեմբերին - maxmonitor.am


Հիշել ինձ


Կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը հոկտեմբերին

Նոյեմբեր 06, 2018 MaxMonitor Ratings

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը հոկտեմբերին: 

MaxMonitor համակարգը հոկտեմբեր ամսվա ընթացքում հետեւել է, թե ինչ հաճախականությամբ եւ ինչ թեմաների շուրջ են հայկական օնլայն մեդիայում հիշատակվել հետեւյալ կին հասարակական-քաղաքական գործիչները.

1.    Աննա Հակոբյան՝ ՀՀ վարչապետի տիկինը
2.    Արփինե Հովհաննիսյան՝ ԱԺ փոխնախագահ
3.    Զարուհի Փոստանջյան՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր 
4.    Լենա Նազարյան՝ ԱԺ պատգամավոր
5.    Լիլիթ Մակունց՝ ՀՀ մշակույթի նախարար
6.    Հերմինե Նաղդալյան՝ ԱԺ պատգամավոր 
7.    Մանե Թանդիլյան՝ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
8.    Մարգարիտ Եսայան՝ ԱԺ պատգամավոր 
9.    Նաիրա Զոհրաբյան՝ ԱԺ պատգամավոր 
10.    Նունե Սարգսյան՝ ՀՀ նախագահի տիկինը 
11.    Շուշան Պետրոսյան՝ ԱԺ պատգամավոր 
12.    Ռիտա Սարգսյան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը

136 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված կին գործիչների եռյակն է՝

1. ԱԺ պատգամավոր Լենա Նազարյան՝  1220 հիշատակում:

2. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան՝ 1024 հիշատակում:

3. ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան՝ 990 հիշատակում:

 


Հիմնական տեղեկատվական առիթները

•    Հոկտեմբերի սկզբին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն և նրա աջակիցներն ԱԺ-ում ողջ ներուժով փորձում են ձախողել արտահերթ ընտրությունները և հակահեղափոխական օրակարգ ձևավորել: Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու օրինագիծը, ինչին հետեւեցին մի շարք իրադարձություններ: Լենա Նազարյանը ամսվա ընթացքում պարբերաբար հանդես էր գալիս պարզաբանումներով, թե ինչ ընթացակարգով պետք է իրականացվի ԱԺ լուծարումը: Լենա Նազարյանը հոկտեմբերին նաեւ մեկնեց Ստրասբուրգ եւ ներկայացրեց ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Ստրասբուրգում ունեցած հանդիպումների արդյունքները: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին մամուլին տեղեկացրեց Լենա Նազարյանը: Նա նաեւ պարզաբանեց, թե ինչու պետք է առաջադրել վարչապետի թեկնածու և չընտրել նրան: Մամուլում սկսեցին շրջանառվել տեղեկություններ, որ Լենա Նազարյանը հնարավոր է դառնա հաջորդ Ազգային ժողովի նախագահ: 

•    Հոկտեմբերի 1-ին Աննա Հակոբյանը ելույթ ունեցավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին:  Օրեր անց նա Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցեց Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը Փարիզի հաշմանդամների պալատում: «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում Հայաստան այցելած ռուսաստանցի կին գործիչներն Աննա Հակոբյանի հետ մեկնել են Արցախ: Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Աննան Հակոբյանն ասել էր, որ իր դուստրերը պատվաստվելու են պապիլոմա վիրուսի դեմ: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում անցկացվող միջոցառումներին Աննա Հակոբյանն ակտիվ մասնակցություն ունեցավ: Նա Ֆրանսիայի նախագահի տիկնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ շրջեց Երևանի թանգարաններում եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկնանց հրավիրեց կրկին այցելել Հայաստան: Աննա Հակոբյանը ամսվա վերջին այցելեց UWC Դիլիջան դպրոց:

•    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի սկզբին հանդիպեց ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Միքայել Մելքումյանի հետ՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը: Մինչ այդ ԱԺ շենքում վիճաբանություն տեղի ունեցավ Սասուն Միքայելյանի եւ Նաիրա Զոհրաբյանի միջեւ: Հայտնի դարձավ, որ Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է դիմել դատարան՝ քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան տիրույթում իր հասցեին արվող վիրավորանքների եւ հայհոյանքների համար: Նաիրա Զոհրաբյանը չհայտնվեց Երեւանի ավագանու կազմում, քանի որ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում մասնակցել է ԸՕ փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին: Նա խմբակցություններին հորդորեց չխոչընդոտել Ընտրական օրենսգրքի ընդունմանը: Մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որ Զոհրաբյանը կարող է դեսպան նշանակվել որեւէ եվրոպական երկրում: